Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի ԶԼՄ ներկայացուցիչներն ու «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգողները քննարկում են անցկացրել

Գեղարքունիքի մարզի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպում-քննարկման են մասնակցել «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի մասնակիցների եւ մարզի զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության ընթացքն ու հեռանկարները, արդեն իսկ գրանցած արդյունքները:

Ինչպես ներկայացրեց «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի մարզային գրասենյակի համակարգող Վարազդատ Սարգսյանը, ծրագրի բոլոր 5 ոլորտներով իրականացված աշխատանքներն արդեն տեսանելի արդյունքներ են ապահովել: Այդ բաղադրիչների մեջ կարեւորվում է Սեւանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկման ու տեղեկատվության հասանելիության բարձրացումը ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի եւ այլ շահագրգիռ կողմերի շրջանում: Դրանում իրենց դերը կունենան մարզի, ինչպես նաեւ հանրապետական ԶԼՄ-ները:

Առաջիկայում կկազմակերպվեն մեդիա-տուրեր: Արդեն կատարվել են Սեւանա լճի ավազանում ստորերկրյա ջրերի որակի, մակերեւութային ջրերի հետ փոխազդեցությունների ուսումնասիրություններ:Վերցված ջրի նմուշները հետազոտվելու են Գերմանիայի Դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի, Դարմշտադտի տեխնիկական համալսարանի եւ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիաներում։

Էկոհամակարգի համար բարենպաստ եւ ջուր խնայող հողօգտագործման եւ մշակման գործողությունների իրականացման կարողություններով երկու տարվա ընթացքում բավականին մեծ առաջընթացներ են գրանցել ծրագրի շահառուները: Ստեղծվել են ինտենսիվ այգիներ, հողերը կմշակվեն օրգանական պարարտանյութերով:

«Համայնքի զարկերակ» ՀԿ կողմից հոկտեմբերի 29-ին անցկացվել է «Գեղարքունիքի բերք ու բարիքի» փառատոնը: Ներկայացվել են Գեղարքունիքի մարզի ֆերմերների առաջարկած ամենալավ եւ օրգանական բանջարեղենները, որոնք աճեցվել են «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրը կաջակցի նաեւ «Սեւան ազգային պարկի» նոր կառավարման պլանի մշակմանը, որոշում է կայացվել Գավառում ստեղծել երկրորդ խորը մեխանիկական մաքրման կայանը:

«Այսօրվա հանդիպում-քննարկումը բավականին հագեցած ու արդյունավետ ստացվեց։ Ծրագրի շահառուները ներկայացրին իրենց կատարած աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հանդես եկան կարեւոր հարցադրումներով։ Մեր համագործակցությունը լինելու է շարունակական, բոլոր աշխատանքները լինելու են բաց եւ թափանցիկ։ Մեր հիմնական նպատակը ոչ այնքան «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի իրականացումն է, որքան՝Սեւանա լճի բոլոր հիմնախնդիրների վերջնական կարգավորումը»,-ներկայացրեց Վարազդատ Սարգսյանը։

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից։ Այն «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի» ԵՄ գործողության եւ ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս