Բաժիններ՝

Ծովագյուղում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Ծովագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց Ծովագյուղի վարչական ղեկավար Ատոմ Սիմոնյանը, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 256 միլիոն 678 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում էր ասֆալտապատում իրականացնել Ծովագյուղի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 12-րդ, 21-րդ, 23-րդ փողոցների մասնակի հատվածներում եւ 13-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ, 17-րդ փողոցի 3-րդ նրբանցքում։ Ասֆալտապատումն իրականացվում է 4000 գծամետր երկարությամբ եւ շուրջ 21 հազար քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսից եւ արդեն իրականացվել են մոտ 80 տոկոսով։

«2022 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ ասֆալտապատման աշխատանքները անավարտ են մնացել միայն 17-րդ փողոցի 3-րդ նրբանցքում եւ դեպի գերեզմանոց տանող ճանապարհին, իսկ մնացած հատվածներում դրանք ամբողջությամբ ավարտված են։ Եթե եղանակային պայմանները չխանգարեն, առաջիկա օրերի ընթացքում Ծովագյուղի ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն։ Հավելեմ, որ այդ ճանապարհահատվածները մեր գյուղի պատմության մեջ ասֆալտապատվում են առաջին անգամ, եւ հազարավոր բնակիչներ արդեն օգտվում են միանգամայն բարեկարգ ու ասֆալտապատ ճանապարհներից»,-ներկայացրեց Ատոմ Սիմոնյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս