Բաժիններ՝

Ռուսաստանը ՄԱԿ-ում կբարձրացնի Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» պատրաստման հարցը. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ում բարձրացնել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» պատրաստման հարցը։ Այս մասին նա ասել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թահայի հետ մամուլի ասուլիսում` մեկնաբանելով Կիևից հնարավոր սադրանքների մասին լուրերը, գրում է Tert.am-ը հղում կատարելով news.ru-ին։

«Մենք կոնկրետ տեղեկություններ ունենք Ուկրաինայի այն հաստատությունների մասին, այդ գիտական ինստիտուտների մասին, որոնք ունեն տեխնոլոգիա՝ այս «կեղտոտ ռումբը» ստեղծելու համար։ Կան տեղեկություններ, որոնք մենք համապատասխան խողովակներով մի քանի անգամ ստուգել ենք, որ դա սոսկ կասկած չէ, լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նման բաներ կարելի է ծրագրել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ ռուս դիվանագետները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ միջազգային հարթակներում այս հարցը քննարկելու համար. քննարկումները պետք է սկսվեն այսօր։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյմս Քլեվերլին և Կատրին Կոլոնան, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ռուսաստանի պնդումներն այն մասին, թե Ուկրաինան կարող է այսպես կոչված «կեղտոտ ռումբեր» օգտագործել, սուտ են։

«Այսօր մեր երեք երկրների պաշտպանության նախարարները ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խնդրանքով զրուցել են նրա հետ։ Մեր երկրները հստակ հասկացրել են, որ մերժում են ակնհայտ կեղծ պնդումներն այն մասին, թե Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում «կեղտոտ ռումբ» կիրառել», – ասված է հաղորդագրության մեջ։

Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի ԱԳ նախարարություններում նաև ընդգծել են, որ նման հայտարարությունները որակում են մեղադրանքը որպես էսկալացիայի պատրվակ օգտագործելու փորձ։

Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունները քննարկել են նաև Ուկրաինային հետագա ռազմական ու տնտեսական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ՝ խոսելով Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» (ցածր թողունակության միջուկային զենք) օգտագործմամբ հնարավոր սադրանքների մասին։

«Կեղտոտ ռումբը» ռադիոլոգիական զենքի ամենապարզ տարբերակն է։ Նման ռումբի գործարկման ժամանակ հիմնական վնասը ոչ թե պայթյունի, այլ ռադիոակտիվ նյութի ցողման հետևանքով է։ Երբ նման ռումբը պայթում է, այն ռադիոակտիվ նյութեր է արձակում։ Փորձագետները «կեղտոտ ռումբի» տեսակներից մեկն անվանում են ռադիոակտիվ նյութեր օգտագործող ոչ ռազմական օբյեկտների պայթեցումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս