Տեղի ունեցավ Սեւան համայնքի ավագանու 2-րդ նստաշրջանի հերթական նիստը

Կայացել է Սեւան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։ Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Մինչ նիստի օրակարգային հարցերի հաստատումը, համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրել է այս օրերին Սեւան համայնքում իրականացվող սուբվենցիոն եւ ընթացիկ ծրագրերն ու աշխատանքները:

Ապա նա ավագանու անդամներին ներկայացրեց է Սեւան քաղաքում առաջիկայում մեկնարկող «Հայաստանի թափոնների կառավարման քաղաքականության իրագործման բարելավում» ծրագրի 2-րդ բաղադրիչի վերաբերյալ, որն իրականացվելու է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ:

Ծրագրի չափորոշիչներին համապատասխան ընտրվել է Սեւան քաղաքը, եւ նախատեսվում է իրականացնել աղբի տեսակավորված հավաքման միջոցառումներ, ձեռք բերել համապատասխան գույք, մեքենամեխանիզացիա, աջակցել վերամշակման ենթակա թափոնների վերամշակմանը:

Առաջիկայում կնքվելու է փոխըմբռնման հուշագիր Սեւանի համայնքապետարանի եւ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջեւ, որին կհետեւեն կոնկրետ գործողությունները այս կարեւոր ոլորտում:

Ավագանու հերթական նիստի օրակարգային առաջին հարցը Սեւան համայնքի 2022 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին հաղորդագրությունն էր: Համաձայն ներկայացված տվյալների` Սեւան միավորված համայնքի 2022 թ. բյուջեի 3-րդ եռամսյակի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 93.1 տոկոսով:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է 2022 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելուն: Պայմանավորված մի շարք աշխատանքներով եւ անհրաժեշտ ֆինանսական հատկացումների տրամադրմամբ` համայնքի ավագանին համաձայնություն է տվել բյուջեում փոփոխություններ կատարելուն:

Համայնքի ավագանին միաձայն հաստատել է նաեւ «Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու եւ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի կողմից 2023 թվականի համար սուբվենցիոն հայտերին համաձայնություն տալու մասին» հարցը:

Այս տարվանից կատարված փոփոխությամբ` դեռեւս հուլիս ամսին Սեւան համայնքի կողմից ուղարկվել են 2023 թվականին նախատեսվող սուբվենցիոն նախնական հայտերը, որոնք ստացել են հավանություն, եւ այժմ համայնքում սուբվենցիոն ծրագրերի փաստաթղթերի ամբողջացման գործընթացն է իրականացվում: Առաջիկայում նախատեսված է նաեւ հանրային լսում, որի ընթացքում կներկայացվեն հաջորդ տարվա համար նախատեսվող ծրագրային հայտերը:

Հիմք ընդունելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական տարածքում գտնվող առողջապահական կազմակերպությունների ցանկը, որոնց շենք-շինությունները, դրանց սպասարկման օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքները դեռեւս չեն հանձնվել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման տնօրինությանը` համայնքի ավագանին որոշեց`

«Դդմաշենի բժշկական ամբուլատորիա», «Ծովագյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ների` Սեւան համայնքի վարչական տարածքում գտնվող առողջապահական շենք-շինությունների, դրանց սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը նվիրաբերել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Սևան համայնքի ավագանու 2-րդ նստաշրջանի հերթական օր է սահմանվել նոյեմբերի 16-ը:

Տեսանյութեր

Լրահոս