«Երևանյան հեռանկարներ» փառատոնին Հայաստանում ելույթ կունենան դիրիժոր Շառլ Դյութուան և դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում ելույթ կունենան հանրահայտ դիրիժոր Շառլ Դյութուան և դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին, որոնց համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Հեկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան:

Վիրտուոզ դաշնակահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նիկոլայ Լուգանսկին արվեստագետ է, որին «Գրամոֆոն» ամսագիրը բնորոշել է որպես փայլուն նորարար երաժիշտ:

Լուգանսկու կատարողական արվեստը հագեցած է զգացմունքայնությամբ և նրբագեղությամբ, նա համարվում է ռուսական և ուշ ռոմանտիկական երկացանկի վարպետ: Ամենաբծախնդիր երաժշտական քննադատները հատկապես բարձր են գնահատում Լուգանսկու՝ Պրոկոֆևի, Շոպենի, Դեբյուսիի և Ռախմանինովի ստեղծագործությունների յուրահատուկ մեկնաբանությունները, որոնց ձայնագրությունների համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Լուգանսկին համագործակցել է այնպիսի անվանի դիրիժորների հետ, ինչպիսիք են Յուրի Տեմիրկանովը, Քենթ Նագանոն, Ջանանդրեա Նոզեդան, Ստեֆան Դենևը, Վլադիմիր Յուրովսկին և այլք: Ելույթներ է ունեցել ամենահեղինակավոր բեմահարթակներում:

Դիրիժոր Շառլ Դյութուան ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր է: 2014-ին նրան շնորհվել է Միջազգային դասական երաժշտության մրցանակաբաշխության Lifetime Achievement Award հեղինակավոր մրցանակը: 2017-ին Դյութուան արժանացել է դասական երաժշտության բարձրագույն մրցանակների, որոնցից է հեղինակավոր Royal Philharmonic Society-ի ոսկե մեդալը:

Քսանամյա Շառլ Դյութուային նկատում է Հերբերտ ֆոն Կարայանը և հրավիրում ղեկավարելու Վիեննայի պետական օպերային թատրոնը: Այնուհետև, որպես հրավիրյալ դիրիժոր, նա ղեկավարել է Լոնդոնի Քովենք գարդեն թագավորական թատրոնը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն և այլ օպերային թատրոնները, եղել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Ներկայումս Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկի հրավիրյալ դիրիժորն է:

Տեսանյութեր

Լրահոս