Առաջին հայացքից պետք է ասել՝ տեսնո՞ւմ ես, աղջիկ ջան, ոնց է լինում, որ կալանքները պատվերով են լինում, երբ աչքերդ փակ, առանց մտածելու պատվեր ես կատարում. Վարդազարյան. «Հրապարակ»

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, խոսելով դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման մասին, ասաց, որ գործի նյութերին ծանոթ չէ, ուստի, որպես իրավաբան, չի կարող կարծիք հայտնել՝ օրինակա՞ն է դատավորի կալանավորումը, թե՞ ոչ։

Փոխարենը կարող է կարծիք հայտնել որպես հայ մարդ․ «Պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով հարուցել են՝ շատ լավ է: Կալանքն ինչո՞վ է պայմանավորված, այսինքն՝ պիտի փախչե՞ր, խոչընդոտե՞ր, իմաստը ո՞րն է կալանավորելու, դա չեմ հասկանում։ Քրեական գործի հարուցումը, կարծում եմ, իրավաչափ է, թող հարուցեն, քննեն, կհիմնավորվի՝ կդատեն, չի հիմնավորվի՝ կարդարացնեն։ Էստեղ խնդիր չեմ տեսնում։ Կալանքի տանելու իմաստը չեմ տեսնում, նպատակը չեմ տեսնում»։

Էրիկ Ալեքսանյանի կալանավորման մասին էլ Վարդազարյանն ասաց․ «Ինչ վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելուն, ես ընդհանրապես նման մեղադրանք չեմ պատկերացնում։ Ասում եմ՝ նյութերին ծանոթ չեմ, իմ ասածները բոլորը սիրողական մակարդակի են, բայց ես չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է օժանդակել լիազորությունների չարաշահմանը։ Ինձ թվում է՝ փաստաբանն իր գործն է արել, միջնորդություն է ներկայացրել։ Եթե ունեցել են դատավորի հետ պայմանավորվածություն, որ ես կմիջնորդեմ՝ դու բավարարի, եւ այլն, եթե նման ապացույց կա, էդ դեպքում դա արդեն լիազորությունների չարաշահում չէ, դրան ուրիշ որակում պետք է տալ»։

Վարդազարյանին հիշեցրինք՝ այս օրերին շատերը հիշում են, որ Արուսյակ Ալեքսանյանն այն դատավորն է, որը կալանքի բազմաթիվ որոշումներ է կայացրել, այդ թվում` պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ, որը դատարանում հանկարծամահ եղավ, ընդդիմադիր այլ գործիչների նկատմամբ՝ Նարեկ Մանթաշյան, Միկա Բադալյան, Մամիկոն Ասլանյան եւ այլք։ Այսինքն՝ Արուսյակին մեղադրում են քաղաքական պատվեր կատարելու մեջ։

Ու հիմա ասում են՝ սա իր պատիժն էր, որ իր կոլեգաներն էլ հիմա իր նկատմամբ են կալանքի որոշում կայացնում։ Վարդազարյանն այս հարցին անդրադարձավ զուտ բարոյական տեսանկյունից․ «Առաջին հայացքից պետք է ասել՝ տեսնո՞ւմ ես, աղջիկ ջան, ոնց է լինում, որ կալանքները պատվերով են լինում, երբ աչքերդ փակ, առանց մտածելու պատվեր ես կատարում։ Հիմա ինքն իր մաշկի վրա է դա զգում»։

Տեսանյութեր

Լրահոս