10 միլիոն եվրո կհատկացվի Ոստիկանությանը, 23 միլիոն եվրո՝ Սյունիքի մարզի զարգացմանը
Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց դրամաշնորհային ֆինանսավորման կնքվելիք 2 համաձայնագրեր։
Դրանք են՝
1. Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագիր
. Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիր
Փոխվարչապետի խոսքով՝ ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության բյուջեից ԵՄ-ՀՀ 2021-2027 թվականների բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում։
«Առաջինը ներկայացնում է «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատություններ ունենալու համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը։
Ծրագրով նախատեսված է 10 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։
Աջակցությունը, մասնավորապես, կտրամադրվի Ներքին գործերի նախարարության ձևավորման, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների զարգացման և նյութատեխնիկական հագեցման համար:
Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը, այդ թվում՝ պարեկային ծառայության ընդլայնմանը։
Միգրացիոն ծառայությունների բարելավմանը, այդ թվում՝ հաստատությունների նյութատեխնիկական ապահովման և միգրացիոն քաղաքականության մշակմանն ու իրականացման կարողությունների հզորացմանը։
Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի մարդու իրավունքների պաշտպանության հաստատված ծրագրի իրականացմանը և նոր 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի մշակման, ինչպես նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակին՝ կարողությունների զարգացման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության խթանման նպատակով»։
Փոխվարչապետը ներկայացրեց նաև երկրորդ դրամաշնորհային ֆինանսական համաձայնագիրը՝ «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար»․
«Համաձայնագրով նախատեսված է 23 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցություն տրամադրել Հայաստանին ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը։
Մասնավորապես, ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը։
Այս բաղադրիչի ներքո շուրջ 1500 փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցությամբ առնվազն 200 միկրո փոքր և միջին ձեռնարկությունների կտրամադրվեն դրամաշնորհներ բիզնեսների արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանման խթանման նպատակով։
Թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորմանը…»։
Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետին հարցրեց, թե փոքր և միջին ձեռնարկատերերն ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով պետք է ստանան այդ գումարները։ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ գործընթացները դեռ շարունակվում են, երբ աշխատանքներն ավարտվեն, մարզպետարանների միջոցով կիրազեկեն քաղաքացիներին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում