Կոռուպցիայի դեմ պայքարողները 300 միլիոնով հրատապ մեկ անձից գնում կանեն՝ առանց որևէ բանկային երաշխիքի

Հայաստան-սփյուռք կապերն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 1999 թվականից սկսված Հայաստանի բոլոր իշխանությունները պարբերաբար իրականացրել են համահայկական համաժողովներ, որոնց մասնակցել են հազարավոր ներկայացուցիչներ՝ աշխարհի բազմաթիվ երկրներից: Նման համաժողով վերջին անգամ կազմակերպվել էր 2017 թվականին։

Ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 4.5 տարիների ընթացքում նման միջոցառում կազմակերպվելու է առաջին անգամ, որի և՛ մասնակիցների թիվը, և՛ մասնակից երկրների թիվը խիստ սահմանափակվել է։

Այս տարի հոկտեմբերի 28-31-ը Զարեհ Սինանյանի ղեկավարած Սփյուռքի գործերի գրասենյակը կազմակերպելու և իրականացնելու է համահայկական համաժողով, որին, նախատեսված է, որ կմասնակցեն ընդամենը 600 անձ աշխարհի 45 երկրից։

4.5 տարվա ընթացքում առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառման համար պետական բյուջեից հատկացվելու է մոտ 309 միլիոն դրամ (308,904.9 հազար ՀՀ դրամ), իսկ բոլոր գնումները կատարվելու են հրատապ՝ մեկ անձից։

Ինչո՞ւ հրատապ, Զարեհ Սինանյանի ղեկավարած կառույցը չգիտե՞ր, որ նման միջոցառում պետք է կազմակերպի, ինչո՞ւ չեն հայտարարվել միլիոնավոր դրամների գնումների դեպքում մրցույթներ, արդյո՞ք հրատապ մեկ անձից գնման դեպքում պաշտոնյաների, նրանց կանանց ու ընկերներին առնչվող ընկերություններից չեն կատարվելու այդ գնումները, Կառավարության հոկտեմբերի 13-ի չզեկուցվող հարցով ընդուված որոշումից պարզ չէ։

Ավելին՝ նախկիններին կոռուպցիայի և բյուջեից փողը մեկ անձից գնումներով մսխելու մեջ մեղադրող իշխանությունը հսկայական գումարներ է ծախսում, միլիոններ հատկացնում հրատապ մեկ անձից գնումների համար՝ առանց ընկերություններից պահանջելու որևէ բանկային երաշխիք, ինչը ֆինանսների նախարարությունը համարել է խիստ ռիսկային, որովհետև առանց բանկային երաշխիքի առաջանում են մի շարք հարցեր։

«Նախագծի փաթեթը չի պարունակում հիմնավորումներ, թե պատվիրատուն ինչպես է ապահովելու պայմանագրի, կանխավճարի և որակավորման ապահովման պայմանները չկիրառելու դեպքում առաջանալիք հնարավոր ռիսկերի նվազեցումը, ընդ որում, երբ նախագծով նախատեսվում է բացառություն սահմանել նաև հատկացվելիք կանխավճարի չափը սահմանափակող նորմի պահանջների նկատմամբ»,- ի պատասխան բյուջեից 308,904.9 հազար դրամ ուզող Զարեհ Սինանյանի ղեկավարած կառույցի՝ ասել են Ֆինանսների նախարարությունից։

Սակայն Ֆիննախի մատնանշած ռիսկերը անտեսվել են, գումարը հատկացվել է Սփուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, և այս տարի համահայկական համաժողովը կկազմակերպվի հրատապ մեկ անձից գնումներով, առանց բանկային երաշխիքների ու կանխավճարի սահմանափակման։

Տեսանյութեր

Լրահոս