Հացիկ գյուղի 35-ամյա տղամարդը, գողացված մեքենայով հանդերձ, տեղափոխվել է բաժին
Սեպտեմբերի 29-ի առավոտյան 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Աշտարակի Արարատյան փողոցում կայանված իր մեքենան գողացել են: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր մեկնեց օպերատիվ-քննչական խումբը: Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Աշտարակի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ` համագործակցելով համայնքային ոստիկանների հետ: Տարաբնույթ գործողություններն արդյունք տվեցին մոտ մեկ շաբաթ անց. հոկտեմբերի 5-ին ստացվեց տեղեկություն, թե ով կարող էր կատարած լինել ավտոգողությունը:
Աշտարակի ոստիկանները մեկնեցին Արմավիրի մարզ և Հացիկ գյուղ տանող ճանապարհին ձերբակալեցին ու, գողացված մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին Հացիկ գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու:
Տղամարդը ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին: Գողացված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: