Բաժիններ՝

Վենեսուելայում տասնյակ մարդիկ են զոհվել տեղատարափների և սողանքների պատճառով

Առնվազն 36 մարդ զոհվել եւ 56-ն անհետ կորել են Վենեսուելայի Լաս Տեխերիաս հյուսիսային քաղաքում տեղատարափների հետեւանքով: Այդ մասին հաղորդել իսպանական RTVE հեռուստառադիոընկերությունը: Հորդառատ անձրեւների պատճառով գետերում բարձրացել է ջրի մակարդակը, ինչը հանգեցրել է սողանքների եւ հեղեղումների:

RTVE-ն նշում է, որ ջրի հոսքերը ողողել տարել են տները եւ դրսի կահույքը՝ իր ճանապարհին ավերելով ամեն ինչ: Տուժել են ցանքատարածությունները, խախտվել է ջրամատակարարումը: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Twitter-ում հայտարարել է, որ կառավարությունը գործի Է դրել փրկարարներին, քաղաքացիական անվտանգության ծառայություններին, տեխնիկական սպասարկման եւ մաքրման խմբերին, ինչպես նաեւ տարբեր հաստատությունների անձնակազմերի «մարդկանց նկատմամբ բազմակողմանի հոգատարության» համար:

Տներից զրկված մարդկանց համար իշխանությունները խոստանում են բացել ժամանակավոր ապաստաններ: Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ: Երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը լրագրողներին հայտարարել է․ «Մենք դեռեւս հույս ունենք գտնել մարդկանց, որոնց կարելի է փրկել»:

Լաս Տեխերիասի բնակչությունը հաշվում է 50.000, քաղաքում լիովին ավերվել է 317 տուն, եւս 750-ն ստացել են լուրջ վնասվածքներ: RTVE-ն հայտնում է, որ ընդամենը վերջին երկու շաբաթներին Վենեսուելայում տեղացած հորդառատ անձրեւների պատճառով զոհվել է 42 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս