ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ՌԾ ուժերը վարժանքներ են անցկացնում «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի մասնակցությամբ
ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը հոկտեմբերի 7-ին ձեռնամուխ են եղել զորավարժությունների նոր փուլին, որոնց ներգրավել են ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը եւ հարավկորեական նավերը:
Այդ մասին հաղորդել է Associated Press-ը (AP): «Մենք կշարունակենք ամրապնդել մեր օպերատիվ հնարավորությունները եւ բարձրացնել Հյուսիսային Կորեայի կողմից բոլոր սադրանքներին հակազդելու պատրաստաությունը»,-AP-ն մեջբերումներ է անում Հարավային Կորեայի Շտաբների պետերի միավորված կոմիտեի հայտարարությունից:
Գործակալությունը հիշեցնում է, որ ավիակիրը եւ նրա մարտական խումբը Կորեական թերակղզու մերձակա ջրեր են վերադարձել այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ն ավելի վաղ այս շաբաթ հրթիռների արձակում է իրականացրել Ճապոնական ծովի վրա:
Դրանից առաջ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան երկօրյա վարժանքներ անցկացրեցին կործանիչների եւ նավերի մասնակցությամբ, զորաշարժերն ընթացան Կորեական թերակղզու արեւելյան ափի միջազգային ջրերում: Անցած երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 4-ին, հարավկորեացի զինվորականները հաղորդել են, որ Փհենյանը փորձարկել է միջին հեռահարության հրթիռ:
Նրանց խոսքով, արձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ի առավոտյան Չագանի հյուսիսային նահանգի Մուպեն-ռի-ից առավոտյան 07:23-ին (Երեւանի ժամանակով 02:23-ին): Այն շուրջ 4,6 հազար մետր թռել է Ճապոնիայի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը:
Հոկտեմբերի 6-ին Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի կողմն Է արձակել փոքր հեռահարության եւս երկու բալիստիկ հրթիռ:
Այնուհետեւ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան համատեղ ռազմածովային վարժանքներ են սկսել Ճապոնական ծովում՝ նպատակ ունենալով կատարելագործել ԿԺԴՀ-ի կողմից հրթիռային եւ միջուկային սպառնալիքներին դիմակայելու հմտությունները:
Իր հերթին ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Փհենյանը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ կապված Կորեական թերակղզու շրջանում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գործողությունների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: