Բաժիններ՝

«Ռոսկոսմոսի» հետ Բյուրականում կսկսեն տիեզերական աղբի ուսումնասիրության աշխատանքները

2020-2030թթ. մերձերկրյա ուղեծիր նոր արբանյակների արձակումը կարող է չափազանց դժվարանալ կամ գրեթե անհնարին դառնալ տիեզերական աղբի կուտակման պատճառով: Այդ մասնիկներն ու բեկորները մեծ արագությամբ են պտտվում Երկրագնդի շուրջ և սպառնալիք են հանդիսանում, քանի որ կարող են բախվել գործող տիեզերանավերի հետ: Այս կարծիքին է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այդ բեկորները շարժվում են վայրկյանում 10 կմ արագությամբ, իսկ տիեզերական աղբի խնդիրն օրեցօր ավելի կարևոր է դառնում, քանի որ դրանց քանակը Երկրին մոտ ուղեծրում օրեցօր ավելանում է:

Տիեզերական աղբի դեմ պայքարելուն է ուղղված Բյուրականի աստղադիտարանի և «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության միջև տիեզերական աղբի ուսումնասիրման համագործակցությունը: Արդյունքում՝ Բյուրականում այսօր ընթանում են համապատասխան սարքավորումների արդիականացման աշխատանքներ, ինչպես նաև հատուկ մասնագիտացված միջոցների տեղակայում, որոնք հնարավորություն կտան տիեզերական տարածության ուսումնասիրություն իրականացնել:

Ամռանը սարքավորումների այդ համալիրը պատրաստ կլինի, և Բյուրականում սկսվեն տիեզերական աղբի ուսումնասիրության աշխատանքները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության «Project-տեխնիկա» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն Միխայիլ Կարդաշենկոն: Նրա խոսքով՝ Բյուրականի աստղադիտարանի որոշ աշխատակիցներ փորձաշրջան են անցել Ռուսաստանում: Ամռանն արդեն կսկսվեն համատեղ աշխատանքները:

Հարցին, թե ինչո՞ւ է որոշվել այդ խնդրի ուսումնասիրության ուղղությամբ համագործակցել հենց Բյուրականի աստղադիտարանի հետ, Մ. Կարդաշենկոն պատասխանեց. «Նախևառաջ՝ Բյուրականի աստղադիտարանն այնպիսի վայրում է գտնվում, որը հարմար է տիեզերական ուսումնասիրություններ իրականացնելու համար: Այդ տարածքն ընտրվել է մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի կողմից և, բնականաբար, դա պատահական չի արվել: Բացի այդ, այստեղ կան պատրաստի մասնագետներ, որոնք կարող են աշխատել այդ սարքավորումներով»,- ասաց Մ. Կարդաշենկոն՝ նշելով, որ համագործակցության համար կա ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանք. Ռուսաստանը երկարամյա կապեր ունի Հայաստանի հետ, և իրենց հաճելի է համագործակցել Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է ծրագրի արժեքին, մեր զրուցակիցը նշեց, որ համագործակցության արժեքը դժվար է գնահատել, քանի որ այն երկարատև ծրագիր է: Նաև նշեց, որ այդ ծրագրում մշտապես կաշխատեն Բյուրականի 5-7 աշխատակիցներ, ովքեր համապատասխան վարձատրություն կստանան:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս