Բաժիններ՝

Արհեստական բանականությունն առօրյա կյանքում. Գլոբալ նորարարական ֆորումը շարունակում է աշխատանքը

Երևանում հոկտեմբերի 5-ին մեկնարկած Գլոբալ ինովացիոն ֆորումը շարունակում է իր աշխատանքը:

Հոկտեմբերի 6-ին ֆորումը շարունակվում է «Արհեստական բանականությունն առօրյա կյանքում» խորագրով պանելային քննարկմամբ:

«Արհեստական բանականությունը հենց հիմա օգտագործվում է տարբեր բժշկական սարքերի մեջ: Ավելի քան 300 հազար բժշկական սարք կա հիմա, բայց դրանք բոլորը չէ, որ պարունակում են արհեստական բանականություն»,-ասաց Denovo Sciences-ի համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը՝ հավելելով, որ բժշկական բոլոր սարքերը, անկախ նրանից՝ օգտագործում են արհեստական բանականություն, թե ոչ, պետք է կարգավորման դաշտում լինեն:

Նա նշեց Flo բժշկական հավելվածի մասին, որը միլիոնավոր օգտատերեր ունի: «Սակայն մի քանի տարի առաջ Առևտրային ֆեդերալ հանձնաժողովը բողոք ներկայացրեց դրա դեմ՝ հասկանալով, որ բոլոր տվյալները հասանելի են դառնում երրորդ անձանց՝ այդ թվում Google-ին: Ահա, թե ինչքան կարևոր է տվյալների անվտանգությունը պահպանելը, եթե դրանք հավաքվում են բժշկական հավելվածների միջոցով»,-ասաց Զաքարյանը՝ կարևորելով կանոնակարգումը:

Huawei-ի ռազմավարության և արդյունաբերության զարգացման գծով ավագ տնօրեն Ահմեդ Ռաշադ Ռիադն էլ հարց առաջ քաշեց՝ ֆինանսական տեխնոլոգիաների աշխատանքն ո՞վ պետք է կարգավորի՝ ԿԲ-ն, թե՞ տեխնոլոգիաների համար պատասխանատու մարդիկ: Այս հարցը նա համարեց լուրջ մարտահրավեր:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ նորարարական չորրորդ ֆորումն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 5-6-ը: Ֆորումը սկսել է իրականացվել 2017 թվականից: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս