Կաննից դեպի Վենետիկ. հայ կոմպոզիտորն առաջարկ է ստացել գրել ֆիլմի երաժշտություն, որում հնարավոր է խաղան Կատրին Դենյովն ու Սկարլետ Յոհանսոնը
Տաղանդաշատ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը ստեղծագործում է երաժշտական տարբեր ժանրերում, երգեր է հեղինակում ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ճանաչված երգիչների համար: Ցանկանում է ուժերը փորձել նաև կինոարվեստում: Կարծում է՝ կինոն երաժշտական տարբեր ոճերը մեկ հարթակում ներկայացնելու մեծ ազատություն է տալիս: Թերևս դա է պատճառը, որ կոմպոզիտորը չի երկնչել, ամիսներ առաջ մեկնել է Կանն և մասնակցել է Կաննի հեղինակավոր կինոփառատոնի շրջանակում կազմակերպված կինոշուկային: Իսկ շաբաթներ առաջ մասնակցել է նաև Վենետիկի կինոփառատոնին:
Շուշան Սարգսյանն իր գործնական ուղևորությունների որոշ մանրամասներ է պատմել «Արմենպրես»-ի թղթակցին՝ խոստանալով առաջիկայում լիարժեք բացել բոլոր փակագծերը:
Նրա խոսքով՝ Կաննի կինոշուկան նոր հեռանկարներ է բացում թե՛ կոմպոզիտորների, թե՛ ռեժիսորների, թե՛ դիստրիբյուտորների և պրոդյուսերների համար: «Ամեն մարդ չի կարող հայտնվել այդտեղ. պետք է անցնել կյանքի որոշակի փուլ, մասնագիտական առումով հղկվել, զարգանալ և միայն այդ ժամանակ զգալ, որ արժանի ես լինել այդ հարթակում, քանի որ դա մեծ պատասխանատվություն է: Կաննում առնչվում ես աշխարհի հեղինակավոր ընկերությունների հետ, տեսնում ես աստղերի, որոնց ֆիլմերը դիտելով ենք մեծացել»,-ասում է Շուշանն ու խոստովանում, որ միշտ իրեն պատկերացրել է Կաննում և մտածել, որ անհրաժեշտ է համագործակցել անվանի ռեժիսորների ու հեղինակավոր ընկերությունների հետ, սակայն պետք է հետաքրքիր նախագծով ներկայանալ:
Կաննում կոմպոզիտորը բաց չի թողել ոչ մի հնարավորություն և տարբեր ընկերությունների ներկայացրել է իր ստեղծագործությունները՝ փորձելով համագործակցության եզրեր գտնել: Դիտել է բազմաթիվ ֆիլմեր՝ հասկանալու, թե ինչ է կատարվում աշխարհում այսօր, թե որ թեմաներն են նման փառատոններին պահանջված, թե ինչ երաժշտություն է հնչում կինոյում:
Նրա համոզմամբ՝ կինոարվեստն աշխատելու լայն ասպարեզ է: «Կարող ես տարբեր կերպ դրսևորվել: Ես կարևորում եմ երաժշտության դերը կինոյում: Կարող ենք ասել, որ կինոյում կոմպոզիտորը երկրորդ մարդն է: Եթե ֆիլմը դիտեք առանց երաժշտության և երաժշտությամբ, մեծ տարբերություն կզգաք: Երաժշտության շնորհիվ կա՛մ կնայեք ֆիլմը, կա՛մ՝ ոչ: Երաժշտության պատճառով հրաշալի կադրը կարող է մեռնել: Իմ նպատակն ու ցանկությունն է այնքան լավ անել իմ աշխատանքը, որ երաժշտությունն առանձնանա ֆիլմից և իր կյանքով ապրի»,-ընդգծում է Սարգսյանը:
Կինոերաժշտություն գրելու փորձ Շուշան Սարգսյանը չի ունեցել: Եղել են առաջարկներ, սակայն մերժել է, որովհետև նախագծերն իր պատկերացումներին չեն համապատասխանել: Ցանկանում է միանգամից լավ կինոնկարի համար երաժշտություն գրել:
Կոմպոզիտորը դեռ խուսափում է բարձրաձայնել այն ռեժիսորների և ընկերությունների անունները, որոնց հետ աշխատելու է:
«Առաջարկները տարբեր են: Դուբայի կինոընկերություններից մեկի հետ եմ համաձայնություն ձեռք բերել: Նախագիծն ինձ հետաքրքրում է, հոգեհարազատ է: Արևելքի և արևմուտքի համադրությունն ինձ շատ է հետաքրքրում: Այդ կինոնախագիծը, որի մասին հետագայում կպատմեմ, լավ առաջարկներից է: Կան նաև համատեղ արտադրության ֆիլմեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թայվանի, Մոնղոլիայի, Ուկրաինայի կինոընկերությունների հետ: Կլինեն և՛ վավերագրական, և՛ գեղարվեստական ֆիլմեր»,-պատմում է Շուշան Սարգսյանը:
Կարևոր ու նշանակալի առաջարկներից մեկը Եվրոպայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության ֆիլմն է, որում հնարավոր է՝ խաղա ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Կատրին Դենյովը: Բանակցություններ են տարվում նաև ամերիկացի դերասանուհի Սկարլետ Յոհանսոնի հետ: Շուշան Սարգսյանի մասնակցությունն այդ ֆիլմում հաստատված է, սակայն հստակ չեն նկարահանման ժամկետները:
«Պատմական, ռոմանտիկ ու դրամատիզմի տարրերով ֆիլմերի երկրպագու եմ, սիրում եմ մնայուն արժեքներ ստեղծող ռեժիսորների. ինձ չեն գրավում թիթեռնիկի կյանք ունեցող նախագծերը»,-ասում է նա:
Անդրադառնալով Վենետիկի փառատոնին՝ Սարգսյանը շեշտում է, որ այն իրեն ևս մեկ անգամ սեփական ուժերը գնահատելու հնարավորություն է տվել: «Վենետիկի կինոփառատոնը Կաննի կինոփառատոնից տարբերվում է. այստեղ շատ էին երեկույթները, հանդիպումները, որոնց շրջանակում ոլորտի ներկայացուցիչները ծանոթանում են ու միմյանց ներկայացնում իրենց աշխատանքները»,-նշում է Սարգսյանը, որն արդեն մեկ ամիս Իտալիայում է և համագործակցության պայմանավորվածություններ է ձեռք բերում իտալացի արտիստների, պրոդյուսերների և այլոց հետ՝ տարբեր նախագծեր մշակելով:
Կոմպոզիտորի ոգեշնչման աղբյուրները տարբեր են. ասում է՝ հնարավոր է ոգևորվել ու ստեղծագործել՝ փողոցում քայլելով, թատրոնում, հաճելի զրույցից կամ երաժշտությունից, սարեր բարձրանալուց և այլն: «Ինձ ոգեշնչում են հետաքրքիր, արվեստի հետ կապ ունեցող մարդիկ: Զրույցը որևէ նկարչի հետ, նրա աշխատանքներն ուսումնասիրելը, լավ գիրքը կարող են նոր ստեղծագործության ծննդյան առիթ դառնալ: Լավ ընկերներ ունեմ, որոնք բանաստեղծություններ են գրում: Երբեմն ինձ են ուղակում իրենց աշխատանքները, որոնք երգի են վերածվում»,-նշում է նա:
Շուշան Սարգսյանն աշխատել է Աննա Խաչատրյանի, Մաշա Մնջոյանի, Անի Քրիստիի, Սոնա Շահգելդյանի, Սյուզաննա Մելքոնյանի, Տիգրան Պետրոսյանի, «Էմփիրեյ» ռոք խմբի և այլ արտիստների հետ, համագործակցել է նաև ուկրաինացի աստղերի հետ: Հեղինակի «Золоті Ворота» երգն Ուկրաինայում համարվում է երկրորդ հիմն: Աշխատում է հանրահայտ իտալացի օպերայի երգիչ Ալեսանդրո Սաֆինայի հետ: Նա կոմպոզիտորի երգերից երկուսն է կատարելու, մեկը՝ զուգերգով: Երգերից մեկը մոր մասին է: Ստեղծագործության մեջ ուրույն տեղն ունեն դուդուկի ելևէջները: Հնարավոր է, որ Ջիվան Գասպարյան կրտսերը նվագի:
«Իմ նպատակը հայ երաժշտությունը միշտ բարձունքում պահելն է: Մենք հզոր դպրոցի կրողն ենք ու իրավունք չունենք չզարգացնելու մեր երաժշտարվեստը: Երբ ֆիլմն ավարտվում է ու տեսնում ես հայի անուն և ազգանուն, պարտավորված ես քեզ զգում: Կարևոր է մեկ անգամ ևս հայի անունը բարձր պահելը, մեր երկրի մասին լավ խոսելու հազարավոր առիթները տալը»,-եզրափակում է Շուշան Սարգսյանը: