ԱՀԿ-ն դատապարտում է պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները դատապարտում են պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերը:

Այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԿ գլխադասային գրասենյակի ներկայացուցիչ Ֆլավիո Սալիոն:

Նա նշեց, որ բուժաշխատողները մարտական գործողություների ընթացքում երբևէ չպետք է խոցվեն կամ նշանառության տակ լինեն:

«Ցավոք սրտի, բուժաշխատողների վրա հարձակումները և նրանց թիրախավորումը վերջին 5 տարիներին շատացել են: Դա միանշանակ հանցագործություն է և պետք է դատապարտվի»,- ասաց Սալիոն:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Ջերալդ Ռոկենշաուբն էլ հավելեց, որ ամեն անգամ, երբ լսում են Հայաստանում նման դեպքերի մասին, փաստաթղթավորում են իրականացնում: «Ուկրաինայի դեպքում էլ 150 նման դեպք ենք արձանագրել»,- ասաց Ռոկենշաուբը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, դատապարտելով նման գործողությունները, ընդգծեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի, այնպես էլ ադրբեջանական ԶՈւ սանձազերծած վերջին ագրեսիայի հետևանքով շտապօգնության մեքենաների վրա բոլոր հարձակումները փաստագրված են:

«Բոլոր ապացույցները ներկայացված են և՛ մոնիթորինգային օղակներով, և՛ ԱՀԿ-ին: Նման գործողությունները պետք է մշտապես խստագույնս դատապարտվեն և տեղ չգտնեն մեզանում»,- նշեց Ավանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս