Լիճքում հիմնանորոգվում է 5 փողոց
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է 5 փողոց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 132 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ասֆալտապատմամբ հիմնանորոգել Ա թաղամասի 6, 7, Ա-3 թաղամասի 8,14, Ա-7 թաղամասի 1-ին փողոցները, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, ասֆալտապատման ենթակա մակերեսը՝ 7785 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերի 15-ից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում։
«2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արդեն ավարտվել են հողային հարթեցման աշխատանքները, տեղադրվել է ավազակոպճային շերտը, ճանապարհները նախապատրաստվում են ասֆալտապատման։ Այս փողոցներն իրենց պատմության ողջ ընթացքում ասֆալտապատվում են առաջին անգամ, ինչի արդյունքում հազարից ավելի բնակիչներ ունենալու են միանգամայն բարեկարգ ու երթեւեկելի ճանապարհներ»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան