Եթե Պուտինը մտքում ինչ-որ բան ունի, հենց դա էլ անում է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում Ռուսաստանին միանալու հարցով անցկացված հանրաքվեները։
Նա «մտահոգություն» է հայտնել, որ այդ մարզերը կարող են դառնալ Ռուսաստանի Դաշնության կազմում ներառված սուբյեկտ, քանի որ, ըստ նրա, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ իրականացնում է իր ծրագրերը, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Anadolu գործակալությունը։
«Դա կարող է տեղի ունենալ, քանի որ պարոն Պուտինը, որին ես ճանաչում եմ, եթե մտքում ինչ-որ բան ունի, հենց դա էլ անում է, և կա նման իրավիճակ»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ այդ իսկ պատճառով մեծ նշանակություն է տալիս այն բանակցություններին, որոնք նա նախատեսում է մոտ ապագայում անցկացնել Ռուսաստանի նախագահի հետ։
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչները նախկինում բացարձակ մեծամասնությամբ կողմ էին քվեարկել Ռուսաստանի Դաշնությանը միանալուն։ ԴԺՀ-ում այս որոշմանն աջակցել է ընտրողների 99,23%-ը, ԼԺՀ-ում՝ 98,42%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93,11%-ը, Խերսոնի մարզում՝ 87,05%-ը։
ՌԴ Դաշնային խորհուրդը բացատրել է, որ Ռուսաստանի կազմ նոր շրջանների մուտքի ընթացակարգը նման կլինի Ղրիմի և Սևաստոպոլի միացման գործընթացին։ Խերսոնի և Զապորոժիեի մարզերի, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախության հռչակագրի ընդունումից հետո նրանց և Ռուսաստանի միջև համաձայնագրեր կկնքվեն նոր սուբյեկտների ձևավորման վերաբերյալ, որոնք կամրագրվեն դաշնային սահմանադրական օրենքով։