Բաժիններ՝

Անկախության օրը Եռաբլուրում հուղարկավորությունները շարունակվում են

Վաղ առավոտից մարդկանց հոսքը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի դադարում. Անկախության օրվա առթիվ  բազմաթիվ քաղաքացիներ այցելում են հանուն այդ անկախության իրենց կյանքը նվիրաբերած զինվորների շիրիմներին։

Այս ամենին զուգահեռ՝ «Եռաբլուրում» ակտիվ աշխատանքներ են ընթանում, նոր փոսեր են փորվում, արդեն 2 տասնյակից ավելի հուղարկավորված զինվորներ կան, որոնք զոհվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հրահրած ռազմական ագրեսիայի արդյունքում։

168.amի տեղեկություններով, այսօր «Եռաբլուրում» ևս երեք զինծառայողի հուղարկավորություն է նախատեսված (լուսանկարներն արվել են քիչ առաջ)։

Չնայած «Եռաբլուրում» գրեթե ամեն օր զինվորների մարմիններ են հանձնվում հողին, սակայն հայրենիքի համար մարտնչած ու զոհված տղաների անունները պատկան մարմինները դեռևս չեն հրապարակում։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Եռաբլուր» էին այցելել նաև Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողները, որոնք հայտարարեցին, որ հերթապահելու են ամբողջ գիշեր, որպեսզի առավոտյան Նիկոլ Փաշինյանը չկարողանա գողեգող գնալ «Եռաբլուր» և ծաղիկներ խոնարհել իրենց տղաների շիրիմներին։

Թեպետ ծնողներն ամբողջ գիշեր տեղում էին, սակայն վաղ առավոտյան՝ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ, կարմիրբերետավորները սկսեցին բիրտ ուժ կիրառել զոհված տղաների ծնողների նկատմամբ, նրանցից երեք տասնյակի բերման ենթարկեցին՝ պարզապես քարշ տալով։

Հիշեցնենք, որ 2020 թվականին դեկտեմբերի 19-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր սգո երթ, որը պետք է ավարտվեր «Եռաբլուր» այցելությամբ, բազմաթիվ ազատամարտիկներ, զոհվածների ծնողներ գնացել էին այնտեղ, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»։ Սակայն, ինչպես այսօր տեղի ունեցավ, այդպես էլ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ զինված անվտանգության աշխատակիցներով ու ոստիկաններով պարզապես ներխուժեց «Եռաբլուր»՝ զոհված տղաների ծնողներին այս ու այն կողմ հրելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս