«Ընտրական գործընթացը կարող է կասեցվել՝ ռազմական կամ արտակարգ ռեժիմ հայտարարելով»․ Տիգրան Մուկուչյանը՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին

2022 թվականի սեպտեմբերի 25-ին՝ այս կիրակի, Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են նշանակված։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան պետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում խոսակցություններ էին շրջանառվում, որ ՏԻՄ ընտրությունները կարող է հետաձգվեն։ Թեև արդեն 4-5 օր է՝ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն վիճակ է, փորձագիտական հանրության շրջանում լիարժեք վստահություն չկա, որ թշնամին չի շարունակի ռազմական ոտնձությունները մեր երկրի տարածքում: Ավելին,  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 15-ի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, թե «Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարահագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ»:

168.am-ը դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզելու՝հնարավո՞ր է, որ առաջիկա կիրակի օրը՝ սեպտեմբերի 25-ին նշանակված ընտրությունները չեղարկվեն:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունները օրենքով սահմանված կարգով կարող են չեղարկվել միայն ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում․

Կարդացեք նաև

«Ընտրական գործընթացը սկսվում է ընտրությունները նշանակելուց։ Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացը կասեցնելու, կանգնեցնելու օրենքով ամրագրված հիմքեր կան, դա ռազմական կամ արտակարգ ռեժիմի հայտարարումն է։ Գործընթաց կանգնեցնելու այլ որևէ հիմք, առավել ևս՝ ընտրական հանձնաժողովների համար լիազորություն սահմանված չէ»։

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ այս պահին նախապատրաստական աշխատանքները շարունակվում են․

«Այս փուլում ինքնաբացարկների ժամկետներն ավարտվել են, քվեաթերթիկների տպագրությունը մեկնարկել է, էլեկտրոնային ցուցակները ներբեռնվում են տեխնիկական սարքավորումներ, որպեսզի արդեն սահմանված ժամկետներում առաքումն արվի։ Այսինքն՝ վերջին շրջանում հատկապես խիտ գործառույթներ են, և որևէ մի գործառույթ ժամանակին չկատարելը կարող է հետագայում անհնարին դարձնել մնացած գործընթացների իրականացումը։ Դրա համար ժամանակացույցով սահմանված ժամ առ ժամ բոլոր նախապատրաստական աշխատանքները գնում են․․․»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կայանալու են՝ Ջրվեժ, Ճամբարակ, Տաշիր, Ակունք, Արենի, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ, Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան, Թալին, Սիսիան համայնքներում։

Տեսանյութեր

Լրահոս