ՇՀԿ-ի երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ընդունել Սամարղանդի գագաթնաժողովի արդյունքներով
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեջ մտնող պետությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին նեղ եւ ընդլայնված կազմով նիստերի արդյունքներով հաստատել են գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթը՝ Սամարղանդի հռչակագիրը: Նաեւ հաստատվել է տարբեր ճյուղերում փոխգործակցության շուրջ փաստաթղթերի փաթեթը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ուզբեկական կողմը, հռչակագիրը կսահմանի համատեղ մոտեցումները տարածաշրջանային կայունության ապահովման, կայուն տնտեսական զարգացման, տրանսպորտա-հաղորդակցական կապերի ամրապնդման, ինչպես նաեւ մշակութային երկխոսության խորացման նկատմամբ:
ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ հռչակագիրը կարձանագրի գագաթնաժողովի հիմնական արդյունքները եւ «բոլոր երկրների համախմբված դիրքորոշումները կազմակերպության հետագա զարգացման հարցերի եւ գլոբալ ու տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: