Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի դիրքորոշմանը․ դեսպան Սմբատյան

Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը պաշտոնի ստանձնման կապակցությամբ ընդարձակ հարցազրույց տալով վրացական InterPressNews լրատվական գործակալությանը՝ անդրադարձել է հայ-վրացական հարաբերությունների ընթացքին, ինչպես նաև այս օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Հարցազրույցում դեսպանն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի դիրքորոշմանը, հետևաբար, պատրաստ է համագործակցել Վրաստանի և միջազգային մյուս գործընկերների հետ՝ հարավկովկասյան տարածաշրջանում արդարություն և կայունություն հաստատելու համար։

«Ադրբեջանական զինուժը, կիրառելով հրետանի, ականանետեր և անօդաչու թռչող սարքեր, ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու ոչ միայն մարտական ​​դիրքերի, այլև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ։ Կոնկրետ Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ», — ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ներկայիս ագրեսիան կապված է ղարաբաղյան հիմնախնդրի հարցով ընթացող բանակցային գործընթացի հետ։

Լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ դեսպանը մեկնաբանել է ՄԱԿ-ից, ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից օգնություն խնդրելու որոշումը, մասնավորապես նշելով․ «Հայաստանը սեպտեմբերի 13-ի գիշերը որոշում է կայացրել դիմել ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ 1997 թվականի բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա։ Դիմել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ իրավիճակը հրատապության կարգով քննարկելու համար»։

Խոսելով այս համատեքստում հարևան և բարեկամ Վրաստանի հետ հարաբերություններից, դեսպանը նկատել է, որ դրանք ռազմավարական նշանակության են․ հայկական ներմուծման և արտահանման զգալի մասն անցնում է Վրաստանի տարածքով։ Երկու երկրները, ըստ դեսպանի, սերտ հարաբերություններ ունեն գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, զբոսաշրջության, մշակութային և այլն:

«Վրաստանի հետ տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը և ենթակառուցվածքային համատեղ նախագծերի իրականացումը վճռորոշ նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի և Վրաստանի, այլ նաև մեր ողջ տարածաշրջանի համար։

Հայաստանն ու Վրաստանն այսօր երիտասարդ ժողովրդավարական երկրներն են, ինչը մեր համագործակցության ևս մեկ կապող գործոն է», — նշել է Սմբատյանը՝ նկատելով, որ Հարավային Կովկասում ժողովրդավարության արժեքների տարածման գործում Վրաստանը Հայաստանի համախոհն է։

Դեսպանն ասել է, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն հարուստ փոխկապակցված պատմություն՝ ընդհանուր ժառանգությամբ, մի շարք կարևոր իրադարձություններով և փորձառություններով։

«Ելնելով այս իրողություններից՝ այսօր մենք՝ որպես պատմական գործընկերներ, պարտավոր ենք ավելի պատասխանատու մոտենալ մեր ընդհանուր ապագայի ձևավորմանը՝ հիմնվելով ոչ թե ժամանակավոր կարճաժամկետ շահերի, այլ երկարաժամկետ համագործակցության ընդհանուր հայեցակարգի վրա։

Հակառակ դեպքում, առանց նման հայեցակարգի, մեր տարածաշրջանի ներկայիս քաղաքակրթական խճանկարն ընդհանրապես վտանգի տակ կլինի», — հավելել է Սմբատյանը։

Տեսանյութեր

Լրահոս