Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Օպել»-ի վարորդը վթարից հետո հայտնվել է ժայռաբեկորների վրա (լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Թալին քաղաքի բնակիչ 25-ամյա Էդգար Տերտերյանը, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի 27 ՍՍ 521 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում՝ Բազմաբերդ գյուղի վարչական շրջանում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Բազմաբերդ գյուղը ցույց տվող ցուցանակին և գլխիվայր շրջվել ու հայտնվել ժայռաբեկորների վրա:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան՝ չնայած, որ վարորդի հետ ավտոմեքենայում եղել են նաև 3 ուղևորներ:
Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները: Ժամանում են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը: Վարորդը վթարի վայրում ՃՈ աշխատակիցներին հայտնել է, որ երբ ինքն ընթանալիս է եղել դեպի Գյումրի, սպիտակ գույնի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որի համարանիշները չի հիշում, խոչնդոտ է ստեղծել իր երթևեկության համար և տեղի է ունեցել վթարը: Սակայն դա իրականությանը համապատասխանում է, թե՝ ոչ՝ կպարզվի ՃՈ հետաքննության բաժնում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի