Բաժիններ՝

«Սերիալներում ընդգրկված բոլոր դերասանները չաղանում ու մեքենաներ են առնում»

Վաղ թե ուշ Հայաստանում բնակվող ռեժիսորներից ու արվեստագետներից շատերը կլքեն երկիրը: Պարզվում է՝ այս համոզմանն են մի շարք ռեժիսորներ, արվեստի գործիչներ: Բեմադրող ռեժիսոր Դավիթ Հարությունյանը ևս այդ կարծիքին է:

«Դերասանները գոնե սերիալներում կամ ինչ-որ ֆիլմերում նկարահանվում են ու ապրում են: Իսկ մե՞նք… թատրոն ասելով՝ ինքներս մեզ զրկում ենք ամեն ինչից, ու, երբ հետ ես նայում, տեսնում ես, որ թատրոնն ամեն ինչ տարել է քեզնից ու քեզ թողել հին տաշտակի առջև: Էնպես որ, դերասանները վատ չեն ապրում: Սերիալներում ընդգրկված բոլոր դերասանները չաղանում ու մեքենաներ են առնում, ի՞նչ ա եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դ. Հարությունյանը:

Վերջինս իր խոսքում նշեց, որ վաղ թե ուշ ինքը ևս կլքի թատրոնն ու բեմը: Միգուցե նաև հեռանա երկրից, ինչի մասին արդեն մտածում է: «Ես առժամանակ ստիպված պետք է թողնեմ թատրոնը, և ինքս էլ ընկնեմ սերիալի գիրկը: Էլ չեմ կարողանում ապրել: Իմ հայրենիքում թատրոնն ակտուալ չի, մեր արած գործն էլ ոչ մեկի պետք չի: Գիտե՞ս՝ ի՞նչ ցավոտ ա, ինչքան ուժ ու հոգի ես այդ ամենի մեջ դնում, ինչքան ճանապարհ ես անցնում՝ մինչև ներկայացում ես ծնում, ու ի՞նչ:

Ինչքան էլ ներկայացումդ լավը լինի, մեկ է՝ դա ոչինչ չի փոխում: Առաջ ասում էին՝ ներկայացումդ լավը չի, չէին դնում, հիմա ուղղակի չեն դնում, որովհետև ծախսը շատ է, դիտող ու գնահատող չկա»,- ասաց Դ. Հարությունյանը: Այս ամենի մեղավորը, ըստ Դ. Հարությունյանի՝ իշխանություններն են, կառավարությունը:

«Մեր այսօրվա կառավարությունը թատրոն չի սիրում, կինո էլ չի սիրում: Վերջը այնպես են անելու, որ մնա մեկ կամ երկու թատրոն: Չե՞ք նկատել, թե ինչքան արագ է ընթանում թատրոնից մասնագետների հոսքը հեռուստատեսություն: Մնացել են ռեժիսորները, որոնք նույնպես բռնում են սերիալի ճանապարհը: Վաղ թե ուշ բեմանկարիչները ևս կթողնեն իրենց արվեստն ու կգնան ծրագրավորում սովորելու: Ու այսպես էլ թատրոնը կվերանա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բեմադրող ռեժիսոր Դավիթ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս