Հրանտ Բագրատյանն առայժմ միայն Հ1-ին է վճարել

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը նախընտրական քարոզչության շրջանակում  փետրվարի 4-ի դրությամբ՝ 25 րոպե 26 վայրկյան է օգտվել վճարովի եթերաժամից: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց թեկնածուի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը:

Նա ասաց, որ Հրանտ Բագրատյանն առայժմ օգտվել է միայն Հանրային հեռուստաընկերության վճարովի եթերաժամից, սակայն առաջիկայում մասնավոր հեռուստաընկերություններում ևս վճարովի րոպեներ կունենա: Նշենք, որ 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության համար Հ1-ը մեկ րոպե վճարովի եթերաժամի համար սահմանել է 80 հազար դրամ: Թեկնածուներն իրավունք ունեն օգտվել  Հ1-ով մինչև 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի  եթերաժամից:

Ի դեպ, նախագահի թեկնածուներից միայն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն են օգտվում վճարովի եթերաժամից: Նախագահի մյուս թեկնածուներն այս կամ այն պատճառով հրաժարվել են հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամից: Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն, օրինակ, պնդում է, որ ինքն արմատներով վանեցի է և վճարովի եթերաժամի վրա ծախսված գումարը համարում է անիմաստ վատնում: Նախագահի թեկնածուներ Արամ Հարությունյանը և Արման Մելիքյանն էլ  նշում են, թե սկզբունքորեն չեն օգտվում վճարովի եթերաժամից:

Տեսանյութեր

Լրահոս