«Թբիլիսոբա» տոնն այս տարի Վրաստանի մայրաքաղաքում կնշեն հատուկ շուքով

«Թբիլիսոբա-2022» տոնն այս տարի կկայանա հոկտեմբերի առաջին հանգստյան օրերին՝ ամսի 1-ին եւ 2-ին: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով՝ ավանդական տոնը, որը վերջին տարիներին չի անցկացվել համավարակի պատճառով, այս տարի լինելու է հատկապես ընդգրկուն:

«Այս տոնը, որը մեր քաղաքի բազմամյա ավանդույթն է եւ նրա կյանքի մի մասը, այս տարի կրկին կկայանա… «Թբիլիսոբա»-ն լինելու է անհամեմատ ավելի ընդգրկուն եւ բազմաթիվ տոնական ծրագրերով լի»,-Կալաձեն ասել է մայրաքաղաքի կառավարության նիստում: Նրա խոսքով՝ «Թբիլիսոբա»-ն ավանդաբար կընդունեն Թբիլիսիի «Ռիկե» քաղաքային պարկը եւ Լեգվտախեվին (ջրվեժ): Նաեւ միջոցառումներ տեղի կունենան Օրբելիանիի եւ Գուդիաշվիլիի հրապարակներում:

«Մենք պատվիրակությունների ենք սպասում բարեկամ եւ գործընկեր քաղաքներից: Բոլորն անհամբերությամբ են սպասում այդ տոնին»,-հավելել է Կալաձեն, նշելով, որ միջոցառումների ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը հայտնի կդառնա ավելի ուշ:

«Թբիլիսոբա»-ն ամենասիրելի ավանդական տոներից մեկն է Վրաստանում: Սովորաբար այդ օրը միշտ հագեցած է տարբեր ժամանցային միջոցառումներով, վառ հանդիսախաղային փառատոներով: Այդ օրը մայրաքաղաք են ժամանում ֆերմերները՝ իրենց շրջաններից, վաճառասեղանները կոտրվում են թարմ բանջարեղենի ու մրգերի, քաղցրավենիքի, պանրի առատությունից: Ժողովրդական զբոսախնջույքները տեւում են մինչեւ ուշ երեկո եւ ավարտվում գալա-համերգով ու հսկայական հրավառությամբ:

«Թբիլիսոբա»-ն մայրաքաղաքում տոնում են 1979 թվականից: Այդ տոնը չեն նշել միայն Թբիլիսիի եւ ընդհանուր առմամբ երկրի համար ամենածանր ժամանակ՝ 1989-ից մինչեւ 1994 թվականները: Սակայն հետո տոնակատարության ավանդույթը վերսկսվել է: 2018 թվականից որոշում է ընդունվել, որ տոնն ամեն տարի անցկացվի հոկտեմբերի առաջին հանգստյան օրերին, հաղորդել է Sputnik-ը:

Տեսանյութեր

Լրահոս