«Ալիևը սա է պարտադրելու ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին». Հայկ Նահապետյան
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի կարծիքով՝ բարձրաստիճան զինվորականներից շատերը պետք է սպասեն քննչական մարմինների ծառայողների՝ իրենց բնակարանների դռները թակելուն:
«Իրենց հետևից ևս գալու են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։
«Միքայել Արզումանյանը Արցախի ՊԲ հրամանատարն է եղել, ոչ թե ՀՀ-ի. Այդ դեպքում ինչպե՞ս է իր նկատմամբ քրեական գործ հարուցվում»,- նկատեց Նահապետյանը:
Ռազմական փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի նպատակն այն է, որ Արցախն ամբողջովին ապառազմականացվի. «Եթե Արցախն ապառազմականացվի, ապա խաղաղապահ ստորաբաժանումներն իրենց թվաքանակով և սպառազինությամբ չեն կարող դիմակայել, եթե Ադրբեջանը տեսականորեն փորձի ռազմական ուժ կիրառել մեր հայրենակիցների նկատմամբ: Այսօր այս կամ այն չափով այդ զսպիչ գործոնը սահմանային դիրքերում Արցախի մեր հայրենակիցներն են՝ իրենց զինվածությամբ: Ադրբեջանի մի քանի փորձերին՝ տարբեր բարձունքներ գրավելու, լուրջ դիմադրություն եղավ, կորցրածները որոշ առումով հետ բերեցին, հո դրանք ռուս խաղաղապահները ետ չե՞ն բերել: Հիմա, Ադրբեջանի պահանջը լինելու է զինաթափումը, այսինքն՝ ամբողջ ԼՂԻՄ-ը պետք է ապառազմականացվի: Վտանգը սա է: Ալիևը սա է պարտադրելու ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին, որից հետո մեզ համար շատ ավելի ծանր վիճակ է ստեղծվելու»:
Ըստ նրա՝ Ադրբեջանը լավ գիտի, որ Ռուսաստանն ունի համապատասխան գործիքակազմ, լծակներ, որ եթե պետք լինի պարտադրել Արցախում խաղաղապահների մնալը, ապա նրանք այնտեղ կմնան. «Խաղաղապահները մի պարագայում կարող են դուրս գալ՝ երբ այդ տարածքում հայ բնակչություն չլինի: Ադրբեջանի ամբողջ քաղաքականությունը միտված է հայաթափմանը՝ ճնշումներ, առևանգումներ, հոգեբանական ազդեցություն, դուք կտեսնեք, որ անհրաժեշտության դեպքում ինչպես Շուշիում գազամուղը պայթեցվեց և հետո փական դրվեց, այդպես կարող են նաև կապի, հոսանքի հետ կապված խնդիրներ առաջանալ: Այսինքն՝ ստեղծվի մի վիճակ, որտեղ հայ բնակչությունն այլևս չի ցանկանա մնալ: Դրա համար, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Արցախի մեր հայրենակիցները մնան այնտեղ, դա է այն երաշխիքը, որ ռուս խաղաղապահները ևս մնան, որովհետև դա է երաշխիքը հետագայում կորուստները այս կամ այն ձևով ետ բերելու կամ նոր կորուստները կասեցնելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում