Եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի տնտեսության համար. վերլուծաբան
«Եվրասիական փորձագիտական ակումբ»-ը ներկայացրել է հերթական հետազոտությունը. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին վեց ամսում ավելացել է 10.5 տոկոսով, ինչն անսպասելի է, քանի որ միջազգային խոշորագույն վարկային կազմակերպությունները անցած տարվա վերջին և այս տարվա սկզբին կիսամյակի համար շատ ավելի ցածր ցուցանիշներ էին կանխատեսում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր ՀՆԱ-ն աճել է 8.5 տոկոսով, ինչը պատվավոր և մեծ թիվ է:
«Եվրասիական տնտեսական միության շուկան ամենանպաստավորն է Հայաստանի համար: Վերջին երեք տարում Հայաստանի համար ԵԱՏՄ դերը գնալով մեծացել է: Ճիշտ աշխատանքի և դիրքավորման պայմաններում մեր երկիրը կարող է էլ ավելի մեծացնել իր տնտեսական կապերը այս տարածքի հետ»,- ասաց նա:
Սաֆարյանը նշեց, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը ծնել է նաև զուգահեռ ընթացող պրոցեսներ, և դրանցից դրամատիկը աղքատության աճն է:
«Մենք տարվա վերջում ունենալու ենք ծայրահեղ աղքատության որոշ կրճատում, բայց համաշխարհային բանկը և մյուս կազմակերպությունները ահազանգում են, որ մենք երկնիշ տնտեսական աճի հետ տարվա վերջում ունենալու ենք նաև աղքատության աճ»,-ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ աղքատության ընդհանուր մակարդակը հանրապետությունում 27 տոկոսից կհասնի 48 տոկոսի:
«Ռուսաստանի հետ մեր առևտրատնտեսական համագործակցությունը խոշորագույն ներդրումն է մեր երկրի անվտանգության, ապահովության ամրապնդման մեջ: Եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի տնտեսության համար, և մենք մեր ջանքերը պետք է մեծացնենք եվրասիական շուկայում»,- ասաց Արամ Սաֆարյանը:
Տնտեսական գիտությունների դոկտոր -պրոֆեսոր, «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի անդամ Թաթուլ Մանասերյանն իր խոսքում նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը պատրաստի ապրանքների գծով Հայաստանին ուղղակի թթվածին է տալիս: «Ռուսաստանը Հայաստանի հետ եղել և մնալու է արժանապատիվ և լուրջ գործընկեր առևտրատնտեսական կապերի գծով»,- հավելեց նա:
Անդրադառնալով տնտեսական սպառնալիքներին՝ Մանասերյանն ասաց, որ Բիշքեկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը կարող է լուրջ մասնակցություն ունենալ այդ սպառնալիքնների կրճատման առումով` մասնավորապես պարենային անվտանգության ապահովման հարցում, տեղեկատվական անվտանգության ապահովման, ինտելեկտուալ և ֆինանսական անվտանգության ապահովման հարցերում:
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի տնտեսության աճի տեսանկյունից:
«Եթե 2020 թվականին մենք արտահանում էինք դեպի ԵԱՏՄ մեր արտադրանքի 25 տոկոսը, ապա հիմա արտահանում ենք մեր ամբողջ արտադրանքի 30 տոկոսը»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում կա առևտրային հաշվեկշռի լուրջ ճեղքվածք:
«Անցյալ տարի ներմուծումը գերազանցում էր արտահանումը 1.7, այս տարի` 1.82 անգամ: Հայաստանում գործազրկությունը երկնիշ թիվ է կազմում: Լուրջ խնդիրներ կան նաև միգրացիայի առումով»- ընդգծեց բանախոսը: