ԵԱՏՄ-ի վարչապետները 10 փաստաթուղթ են ստորագրել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վարչապետներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են համագործակցության զարգացման 10 փաստաթուղթ:
Դրանց թվում են միավորման մեջ արդյունաբերական կոոպերացման ֆինանսավորման, տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հետագա աշխատանքի մասին հրահանգները:
Վարչապետները նաեւ քննարկել են ԵԱՏՄ-ի ալկոհոլային շուկայի կարգավորման համաձայնագրի նախագիծը եւ համաձայնեցրել են դրա վերաբերյալ հանձնարարությունը: Եվս մեկ հանձնարարություն վերաբերում է Միության պայմանագրում փոփոխություններ մտցնելուն ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ապրանքների էլեկտրոնային առեւտրում անուղղակի հարկերի գանձման մասով: Բացի դրանից, կառավարությունների ղեկավարները հաստատել են Եվրասիական ապահովագրական ընկերության ստեղծման հայտարարությունը:
Ինչպես նիստում պարզաբանել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ընկերությունն ապահովագրական աջակցություն ցույց կտա փոխադարձ եւ արտաքին առեւտրին, կխթանի ներդրումային համագործակցության զարգացմանը, կապահովի արտահանական փոխառություններ եւ փոխգործակցություն վարկային գործակալությունների եւ ապահովագրողների հետ:
Պլաններում են սեփական արժեթղթերի թողարկումը եւ նախագծերի ֆինանսավորումը: Կառավարությունների ղեկավարներն առանձին համաձայնեցրել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման ժամանակն ու վայրը. այն կկայանա հոկտեմբերին Հայաստանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: