Կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 2000-3000 դրամով

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծին, ըստ որի՝ առաջարկվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակները և նպաստները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները՝

«Նախագծով առաջարկվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանել`

աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (18000 դրամի փոխարեն),

Կարդացեք նաև

զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20000 դրամ (18000 դրամի փոխարեն),

նվազագույն կենսաթոշակի չափը` 30500 դրամ (28600 դրամի փոխարեն),

պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45000 դրամ (43000 դրամի փոխարեն),

բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35000 դրամ (33000 դրամի փոխարեն),

գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն),

պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն)։

Արդյունքում ակնկալվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը նույնպես կավելանա շուրջ 3100 դրամով, 43.200-ից կդառնա 46.300 դրամ, իսկ զինվորական կենսաթոշակները կավելանան 5200 դրամով 77.500-ից կդառնա 82.750 դրամ։

Առաջարկվում է բարձրացնել  նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում  նպաստների չափերը` դրանք սահմանելով  30500 դրամ (28600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39000 դրամ (37000 դրամի փոխարեն)»։

Փաշինյանը անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանը, ասաց՝ հաշվի առնելով տնտեսական լավ ցուցանիշները, մասնավորապես, հարկային եկամուտների գերակատարումը ավելի քան 70 միլիարդ դրամով,  որոշել են նախատեսված ժամկետից ավելի վաղ բարձրացնել կենսաթոշակների և նպաստների չափը.

«Այսինքն՝ բարձրացումը, որ պետք է իրականացնեինք 2023 թվականի հունվարի 1-ից կիրականացնենք 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։ Ուզում եմ ասել, որ մյուս տարվա հուլիսի 1-ի բարձրացումը շարունակում է մնալ ուժի մեջ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս