Ո՞ւմ միջնորդությամբ կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը. ի՞նչ սպասել առաջիկա բարձրաստիճան բանակցություններից
Առաջիկայում սպասվում է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը: Չնայած հայ-ադրբեջանական բարձրաստիճան վերջին բոլոր հանդիպումները տեղի են ունեցել Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և ներկայությամբ, և չնայած օրերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին Բրյուսելի հովանու ներքո իր երրորդ հանդիպումն ունեցավ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ, չի բացառվում, որ բարձրաստիճան այս հանդիպումը տեղի ունենա Մոսկվայի միջնորդությամբ, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի:
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը վերջերս հայտարարել էր, որ մինչև օգոստոսի վերջ նախատեսվում են բարձր մակարդակի եռակողմ շփումներ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: Նեչաևն ընդգծել էր, որ իրավիճակը տարածաշրջանում գտնվում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում։
«Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մշտական կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Ինտենսիվ քաղաքական շփումների հետ մեկտեղ՝ շարունակվում է ակտիվ աշխատանքը ՌԴ խաղաղապահների կողմից, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում տեղում իրավիճակը կայունացնելու համար: Եվ Բաքուն, և Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերը: Ռուսական կողմն անհիմն է համարում որոշ քննադատական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղապահ զորախմբի հասցեին»,- ասել է Իվան Նեչաևը։
Ավելի վաղ, մասնավորապես՝ հուլիսի վերջին Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին խոսել էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ ասելով, որ Փաշինյանի և Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ սպասվող բանակցությունները տեղի են ունենալու մի շարք հանգամանքների առկայության պայմաններում:
Ըստ նրա, առաջինն այն նոտան է, որն օրերս Մոսկվան հղեց Երևանին, ինչը քաղաքական լուրջ քայլ էր և մթնոլորտ է ստեղծում երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև որոշակի տրամադրություն՝ նման մակարդակով բանակցություններից առաջ:
Վերլուծաբանի խոսքով, երկրորդն այն է, որ հանդիպման անոնսն արվել է, սակայն թե ո՞ր հարցերն են լինելու այս հանդիպման օրակարգում՝ դժվար է ասել, քանի որ նախորդ հանդիպումները և որոշ ուղղություններով առաջընթացը տեղի է ունեցել Բրյուսելում:
«Հարց է առաջանում՝ Մոսկվայի հանդիպումը լինելու է Բրյուսելի շարունակությո՞ւնը, թե՞ լինելու է հանդիպում՝ ի հակադրություն Բրյուսելի: Սա չափազանց կարևոր է, քանի որ ԵՄ-ն ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր կարողացավ մասամբ սեփականաշնորհել Մոսկվայի միջնորդությամբ ձևավորված ռեգիոնալ օրակարգերը: Կարծում եմ՝ չնայած այս հանդիպման պայմանավորվածության, Մոսկվան լիարժեք «թեմայի» մեջ չէ, իսկ Բրյուսելին հաջողվել է պահել ձեռքը Ղարաբաղյան «զարկերակի» վրա՝ կարողանալով զուգահեռաբար շահագրգռել Երևանին ու Բաքվին:
Բրյուսելը վերջերս ևս կազմակերպել է հանդիպում Կլաարի մասնակցությամբ, չնայած դժվարություններին, շարունակում է աշխատել երկկողմ ու բազմակողմ տարբերակով: Ուշագրավ մեկ այլ հանգամանք ևս կա, որ չնայած Միշելի նախաձեռնությանը, Արևմուտքը նաև ժամանակ առ ժամանակ խոսում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի մասին: Ակնհայտորեն՝ ամենաբարդ հարցերը վերաբերելու են ԼՂ ապագայի վերաբերյալ հարցերին, ԵՄ-ն կարծես որոշակի տեսլական ունի այս հարցի կապակցությամբ, որ ընդունելի է Երևանի ու Բաքվի համար, այլապես բանակցությունները Բրյուսելում չէին շարունակվի:
Մոսկվան այս փուլում հետևողի և իր դիրքերը պահողի դերում է, չի բացառվում, որ որոշ թեմաներ քննարկվեն, ինչպիսին Լաչինի միջանցքի հարցն է, առկա գործընթացների զարգացումը, Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղու թեման, սակայն ավելի մակերեսային բնույթի: Մոսկվայում դիտարկվում են տարբեր սցենարներ, պայմանավորված այն զարգացումներով, որոնք կլինեն ուկրաինական ճակատում: ՌԴ-ն չի բացառում, որ գուցե խաղաղապահների կոնտինգենտի կազմի փոփոխության թեմա դրվի ապագայում, կամ՝ այլ սցենարներ, եթե Բրյուսելին հաջողվի կողմերին շատ մերձեցնել»,- մեկնաբանեց վերլուծաբանը:
Նրա կարծիքով, մեծ շարժերը, այդ թվում՝ Հարավային Կովկասում, շարունակվում են բավականին ագրեսիվ կերպով:
«Կարծում եմ՝ այս փուլում, ինչպես և բոլոր փուլերում, հաջողություն կարող են ունենալ ավելի շատ առաջարկներով հանդես եկողները: Մոսկվան այդ իմաստով այսօր առաջամարտիկ չէ: Ուստի առաջիկա հանդիպումից, եթե այն իսկապես կայանա ռուսական միջնորդությամբ, բեկումնային պայմանավորվածություններ այդքան էլ չեմ ակնկալում, քանի որ դրանից հետո, կարծում եմ, կլինեն հանդիպումներ Բրյուսելում, քանի որ կա հստակ պլան, որով շարժվում են երեք կողմերը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վերջին անգամ մայիսի 22-ին Բրյուսելում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: