Բացահայտվել է Պուշկինի փողոցի բնակարաններից մեկում բեռնափոխադրումների ապօրինի կազմակերպման դեպք. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Երևանի Պուշկինի փողոցի բնակարաններից մեկում մի խումբ անձանց կողմից իրականացվում է հեռավար կերպով այլ երկրի ներքին շուկայում բեռնափոխադրումների կազմակերպման գործունեություն` առանց պետական գրանցման։
Նշված տվյալներն իրացնելու համար ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տվյալ բնակարանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները պարզաբանելու նպատակով:
Պարզվել է, որ նշված բնակարանը բաղկացած է 3 սենյակից և 50 քմ մակերեսով սենյակում առկա են եղել սեղան աթոռներ, 20 համակարգչային կոմպլեկտ` 40 մոնիտորով, հեռախոսներ, որոնց մի մասն օգտագործել են աշխատակիցները։
Իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է, բոլոր համակարգիչները միացված են «Ռոստելեկոմ»-ի ցանցին և գտնվում են աշխատանքային վիճակում:
Աշխատակիցներից մի քանիսը փորձել են համակարգիչները դուրս բերել բնակարանից, սակայն օպերլիազորների կողմից այն կանխվել է և անմիջապես իրականացվել է դեպքի վայրի պահպանում:
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար ՀՀ քրեական օրենսգրքի 281 հոդվածի հանցակազմի հատկանիշներով, կոմիտեի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության ու քննչական վարչության աշխատակիցների կողմից խուզարկվել և առգրավել են գործի հանգամանքների համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցները, այդ թվում՝ բոլոր համակարգիչները:
Ներկայումս տարվում է նախաքննություն, շարունակվում է նաև հետաքննություն` ապօրինի գործունեության կազմակերպիչների ամբողջ շրջանակը պարզելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու նպատակով։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին, մասնավորապես հեռավար կերպով՝ այլ երկրի ներքին շուկայում բեռնափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնողներին, միջնորդական ծառայությունների կազմակերպիչներին հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրությունից և միաժամանակ նախազգուշացնում, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման գործունեություն կազմակերպելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։