Հանցագործության փո՞րձ, թե՞ ներքին գզվռտոցի արդյունք. ի՞նչ է կատարվում ԲԴԽ-ում
Երեկ օրվա լրահոսի մեջ, թերևս, աննկատ մնաց մի ուշագրավ լուր. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի օգնականը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ անհայտ անձը մտել է իր աշխատասենյակ և համակարգչից փորձել մուտք գործել իր էլեկտրոնային հասցե, ինչը չի ստացվել: Ոստիկանությունը հաստատել էր տեղեկությունը: Ինչպես ասում են՝ սա կլիներ չափազանց զվարճալի, եթե չլիներ այդքան ողբերգական:
Այսինքն՝ ստացվում է՝ պետական պահպանության ենթակա դատական իշխանության բարձրագույն մարմնի շենքում ինչ-որ մեկը կարող է մտնել որևէ մեկի աշխատասենյակ ու այնտեղ ինչ-որ գործողություններ անել:
Իսկ որտե՞ղ են կարգադրիչները, տեսախցիկները, և առհասարակ ինչպե՞ս է հնարավոր նման բան: Իսկ եթե ոչ թե համակարգիչը փորփրելու ցանկության փոխարեն՝ որևէ անմեղսունակի մտքով ա՞յլ բան անցնի….
Ինչևէ, լուրն ինքնին խոսում է մեր պետության՝ ընդհանուր առմամբ, և մասնավորապես՝ պետական մարմիններում տիրող տոտալ «բարդակի» մասին:
Բայց ԲԴԽ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան թվում է: ԲԴԽ-ում կա վարկած, որ այս լուրը կարող է ներքին գզվռտոցի հետևանք լինել:
Գաղտնիք չէ, որ ԲԴԽ անդամ, սորոսական Դավիթ Խաչատուրյանն ամեն ինչ անում էր Գագիկ Ջհանգիրյանից հետո ԲԴԽ նախագահ դառնալու համար… Կարծես թե իշխանությունների աջակցությունն ուներ, և որևէ խնդիր չպետք է լիներ, բայց դատավոր անդամները սկզբունքայնություն ցուցաբերեցին, և Դավիթ Խաչատուրյանը չդարձավ: Չստացվեց…
ԲԴԽ-ում կարծում են՝ Դավիթ Խաչատուրյանը շատ նեղված է իր պլանների ձախողումից, և հիմա ամեն բան անում է՝ ցույց տալու համար, որ ԲԴԽ-ում անկառավարելի իրավիճակ է, և Սերգեյ Չիչոյանը չի տիրապետում իրավիճակին: ԲԴԽ մեր աղբյուրները նաև պնդում են՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն ինքն է շահագրգիռ, որ հնարավորինս շուտ պարզվի իրականությունը:
Ինչևէ, իշխանությունները կարծես թե նեղսրտում են, որ Գագիկ Ջհանգիրյանից հետո դատավորների վրա ճնշումները թուլացել են, և համակարգը սկսում է փոքրիշատե շնչել: Ըստ ամենայնի՝ նրանց հույսը սեպտեմբերին մեկնարկող Ազգային ժողովի նստաշրջանում ԲԴԽ երկու իրավաբան անդամների ընտրությունն է:
Օրերս 168.am-ը գրել էր, որ հավանաբար հենց այդ պատճառով էլ չէր կայացել ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կնոջ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով կարգապահական վարույթի նիստը: