«Թալանչիների մեծ մասը հիմա Նիկոլ Փաշինյանի և իր կնոջ ֆոնդի հիմնական մատակարարներն են». Նաիրա Զոհրաբյան

«Եթե կգտնվի մեկը, որն ինձ կմեղադրի 1 լումա տանելու մեջ, ես ձեզ ասում եմ՝ ուղիղ եթերում կթքեմ ձեր երեսին»

«Ձեզանից որևէ գործողություն չի պահանջվում, բոլոր նրանք, ովքեր ուզում են այս մահաբեր երթը կանգնեցնել, ովքեր ուզում են դիակների վրա բռնած շուրջպարը կանգնեցնել, օգոստոսի 23-ին եկեք Հանրապետության հրապարակ: Ամեն մեկին մի անուն եք դնում՝ սրա բոյը չեմ հավանում, Նաիրա Զոհրաբյանի սանրվածքը չեմ հավանում, այս մեկը նախկին է, այն մեկը ներկա է, ինչ-որ պիտակներ եք կպցրել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ոչ միայն 4 տարվա, այլև իր պատգամավորական տարիների կուտակած կոդերը՝ «թալան, թալան», աշխատել է:

Հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ ես ուզում եմ մեկը գա իմ առաջ կանգնի ու հենց ուղիղ եթերում ինձ ասի, թե ես ի՞նչ եմ թալանել, ի՞նչ… ԱԺ հանձնաժողովի նախագահ եմ եղել 14 տարի, ունեցել եմ կաբինետ, որի գույքի մեծամասնությունը գնել եմ ես անձամբ, 2009-ից նվիրել եմ այդ գույքը Ազգային ժողովին, դրել եմ ԱԺ բալանսի վրա,  այդ գույքը՝ իմ գնած գրասեղանը, հանձնել եմ ԱԺ-ին ու դուրս եմ եկել: Եթե կգտնվի մեկը, որն ինձ կմեղադրի պետությունից մեկ լումա տանելու մեջ, ես ձեզ ասում եմ՝ ուղիղ եթերում կթքեմ ձեր երեսին: Հասկանո՞ւմ եք, չի կարելի բոլորին այդ նույն ֆորմուլայի տակ դնել և բոլորին անցկացնել: Ես ի՞նչ կարող էի տանել՝ աթո՞ռը, սեղա՞նը: Անհարմար է, դուրս եկեք այդ նիկոլական մանիպուլյացիայից: Այո, եղել է թալան, եղել են թալանչիներ, թալանչիների մեծ մասը հիմա Նիկոլ Փաշինյանի հիմնական մատակարարներն են և իր կնոջ ֆոնդի հիմնական մատակարարներն են:

Այո, եղել է անարդարություն, այդ անարդարության դեմ ես էլ եմ պայքարել»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Փաշինյանը իշխանության եկավ դագաղներով, ողջ մարդկանց թաղումներ կազմակերպելով, Մինչ օրս էլ նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օրը մահ է

«Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ դագաղներով, սև ժապավեններով, ողջ մարդկանց թաղումներ կազմակերպելով։ Մինչ օրս էլ նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օրը մահ է, արցունք, ողբերգություն, պատերազմ, արյուն և դիակապտություն»,-2018-ի իրադարձությունների մասին խոսելով՝ հիշեցրել է նա։

Նա նաև հիշեցրել է զանգվածային մահերի մի քանի դրվագ՝  2020թ. սեպտեմբերի 1-ին ալկոհոլային թունավորման հետևանքով 21 մահ եղավ,  5000 զոհ, հաշմված զինվորներ՝ պատերազմի հետևանքով։

Նիկոլի էքստազն ու Ալիևի հայտարարությունները

«Այսօրվա դրությամբ, ունենք 119 ռազմագերի, չնայած Ալիև-Փաշինյանը երկյակը այսօր խոսում է ընդամենը 38 գերեվարվածի մասին, մինչդեռ Սիրանուշ Սահակյանը, որը ՄԻԵԴ-ում  մեր ներկայացուցիչն է ռազմագերիների հարցով,  պնդում է և ինքս էլ, որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ, ունեմ բազմաթիվ փաստական տվյալներ, տեսագրություններ 119 գերեվարվածի, անհետ կորածների մասին, որոնցով որևէ մեկը չի զբաղվում,- նշել է Ն. Զոհրաբյանը ու ավելացրել,– Մեկուկես տարի առաջ, հերթական էքստազի պահին,Նիկոլը  հայտարարում էր՝ «մեր որդիները  մեկ-երկու ամիս էլ հանուն հայրենիքի թող մնան Բաքվի բանտում», իսկ ռազմագերիներից մեկի ծնողներն էլ ասում էին՝ «հաշվենք, թե մեր որդիները խոպան են գնացել ու այնտեղից գումար են ուղարկում»։

Նիկոլիզմի հետևանքները

Ն. Զոհրաբյանի դիտարկմամբ՝  Նիկոլի համակիրների համար Նիկոլիզմը պետական կրոն է։

«Եվ ինչպես «Եհովայի վկան» պատրաստ է, որ իր որդին զոհվի, սակայն արյան փոխներարկում թույլ չի տա, այնպես էլ նիկոլիզմը պետական կրոն ընդունող  սեկտանտը պատրաստ է զոհել հայրենիքը, Հայաստանը, Արցախը, միայն իր հոգևոր առաջնորդը, իր գուրուն, իր հովիվը մնա։ Ինչպես նա իշխանության եկավ դագաղներով, ողջ մարդկանց թաղումներ կազմակերպելով, մինչ օրս էլ նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օրը մահ է, արցունք, ողբերգություն, պատերազմ, արյուն և դիակապտություն»,- ասել է Ն. Զոհրաբյանը։

Մենք պետք է հնարավորություն տանք Էդգար Ղազարյանին, որ ինքը վռնդի Նիկոլին

Նաիրա Զոհրաբյանը նաև հայտարարել է, որ նախկինում ընդդիմադիրների պայքարի հարթակում կանգնածների վերաբերյալ ունեցել է վերապահում, որի մասին խոսել է ու հալածվել, բայց հիմա հորդորում է, որ մարդիկ վստահեն Էդգար Ղազարյանին ու օգոստոսի 23-ին գան Հանրապետության հրապարակ, որովհետև նա չի թալանել ու պրոֆեսիոնալ աշխատել է. «Մենք պետք է հնարավորություն տանք Էդգար Ղազարյանին, որ ինքը վռնդի Նիկոլին»,-ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս