Բաժիններ՝

Միսակ Մարգարյանը հրդեհից հետո փորձել է օգնել մի կնոջ, բայց չի հասցրել, երկուսն էլ զոհվել են. News.am

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում կիրակի օրը պայթյունի հետեւանքով զոհված Միսակ Մարգարյանը 57 տարեկան էր, նա առեւտրի կենտրոնում աշխատում էր բացման օրվանից։ Նա եղել է ավտոկայանատեղիի հսկիչ, այնուհետեւ առաքիչ, իսկ վերջին տարիներին տաքսի էր վարում, հիմնականում Սուրմալուի տարածքից էր վերցնում իր ուղեւորներին։

News.am-ի հետ զրույցում Միսակ Մարգարյանի հարազատներից մեկը պատմեց, որ դեպքի պահին Միսակը եղել է շենքից հեռու, հրդեհից հետո մոտեցել է մի կնոջ առաջին օգնություն ցույց տալու, այդ պահին պայթյունն է եղել, ինչի հետեւանքով երկուսն էլ մահացել են։ Միսակ Մարգարյանը երկու երեխաների հայր էր, դեպքից 1.5 ժամ առաջ խոսել է երեխաներից մեկի հետ։ 57–ամյա տղամարդու դին հայտնաբերել են դեպքից ժամեր անց։

Հարազատը պատմեց, որ դեպքի օրը Միսակը ընկերների հետ դրսում է եղել՝ առևտրի կենտրոնի հարակից տարածքում. «Ականատեսները պատմել են, որ առաջին պայթյունի ժամանակ Միսակը փորձել է փլատակներում մնացած մի կնոջ օգնել, բայց երբ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, երկուսն էլ մահացել են»:

Միսակ Մարգարյանը ունի մեկ տղա և մեկ աղջիկ: Դեպքից 1.5 ժամ առաջ Միսակը խոսել է երեխաներից մեկի հետ, նոր ծնված թոռան լուսանկարն է տեսել: «Թոռնիկին մեկ անգամ հասցրեց գրկել»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 18–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս