Ունենք բավականին մեծ քանակությամբ աշխատատեղեր․ Ի՞նչ է առաջարկում քաղաքապետը՝ բացօթյա առևտուր անողներին
Կառավարությունն այսօր հավանություն տվեց Երևանի քաղաքապետարանի ներկայացրած օրենսդրական փաթեթին, որով կարգավորվում է փողոցային առևտուրը։
Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադառնալով նախագծին՝ մանրամասնեց. «Այս օրենսդրության փոփոխությունը հիմնականում վերաբերում է սննդամթերքին, կենդանիներին, խաղալիքներին, ինչը փոքր կենտրոնում բավական մեծ աճ է գրանցել: Մենք պարբերաբար տարբեր միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք այդ խնդիրները լուծել՝ դրանք սանիտարական, անվտանգության խնդիրներ են:
Կարգը հետևյալն է՝ չսահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության վարչությունը վերահսկողություն իրականացնելու դեպքում պետք է արձանագրի, որ չթույլատրված վայրում է առևտուր իրականացնում, և քաղաքացին պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի, որից հետո այդ սնունդը կենդանիները, կամ այն միջոցները, որով ծառայություն են իրենք մատուցում, պետք է առգրավվեն՝ քաղաքապետարանի կողմից՝ ոստիկանների հետ համատեղ»։
Ի պատասխան հարցին, թե Սահմանադրությանը չի՞ հակասում առանց դատարանի որոշման քաղաքացու ապրանքի բռնագրավումը՝ քաղաքապետը պարզաբանեց, որ ապրանքը բռնագանձելուց հետո քաղաքապետարանը դիմելու է դատարան, բացառությամբ՝ սննդի դեպքում, որը ոչնչացնելու են։
Հստակեցմանը, թե եթե սնունդը ոչնչացնելուց հետո պարզվի, որ վաճառողը խախտում չէր արել, Հրաչյա Սարգսյանն արձագանքեց, որ նման դեպքերում քաղաքապետարանը փոխհատուցում կտրամադրի։
«Տուն են պահում», «եթե էդ առևտուրը չլինի, ապա չեն կարողանա ընտանիք պահել» արձագանքներին անդրադառնալով էլ՝ նա նկատեց. «Լիովին համաձայն եմ վարչապետի հետ՝ և՛ պետական ապարատում, և՛ մասնավոր հատվածում ունենք բավականին մեծ քանակությամբ աշխատատեղեր: Առիթից օգտվելով՝ կարող եմ ասել, որ մեր սանմաքրման հիմնարկում, կանաչապատման հիմնարկում մեծ քանակությամբ աշխատատեղեր ունենք, որը չենք կարողանում համալրել»: