«Կամավորները չլինեին՝ այսքան մարմին այսօր չէր հայտնաբերվելու». Հարություն Մնացականյան
Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանը «Սուրմալու»-ի պայթյունից անմիջապես հետո մեկնել է դեպքի վայր և որպես կամավոր մասնակցել որոնողափրկարարական աշխատանքներին:
«Բազմաթիվ կամավորներով ինքնակազմակերպվեցինք և սկսեցինք աշխատանքներ տանել: Քանի որ սկզբնական հատվածում չգիտեինք՝ որտեղ կարող են լինել զոհերն ու վիրավորները, սկսեցինք ձեռքով այդ ամբողջ քարհանման գործերը կատարել, որպեսզի հանկարծ տեխնիկայով որևէ մարդու մարմին չվնասվի: Մենք բացարձակ պատրաստ չէինք այս իրավիճակին, խայտառակ վիճակ էր:
ԱԻՆ-ից բողոքեմ. Կառավարումը զրոյական մակարդակի վրա էր, ԱԻՆ-ի շարքային աշխատողներն իրենք էլ չգիտեին՝ ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն: Հասարակ բան, ես երեկ Ֆեյսբուքում գրում եմ, որ քարտեզներ չկան, հատակագիծ չկա, որ հասկանանք՝ ինչ անել, ոնց անել, այսօր նոր մեր ԱԻ նախարարն ասում է՝ քարտեզներ ենք ճշտում: Բայց դա պետք է հենց առաջին օրն արվեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նրա խոսքով՝ փրկված մարդիկ կարող էին լինել միայն շենքի նկուղային հարկերում, իսկ մնացած ավերվածության ժամանակ բացառվում է, որ որևէ մեկը փրկվեր, և եթե շենքի հատակագիծն առաջին օրն ունենային, կկենտրոնանային նկուղային տարածքի վրա, հստակ կիմանային՝ որտեղ մարդ կա:
«Տեսեք՝ ինչ տեղի ունեցավ. Մենք գնացել ենք, պատկերացրեք՝ ամբողջությամբ քարակույտ է, մաքրում ենք, տեսնում ենք մեքենա, առաջին գործը, որ անում ենք՝ այդ մեքենայի լուսամուտը մաքրելով՝ տեսնում ենք՝ դիակ կա՞, թե՞ ոչ մեքենայի մեջ: Հետո, մեր բախտը բերեց, եկան «Սուրմալու»-ի մոտակայքի աշխատողներ, հստակ ասացին, թե այդ հատվածում որտեղ մարդ կա, որտեղ՝ ոչ:
Երկու զոհված աղջիկների ընտանիքը Եղվարդից էր, ինձ հարազատ մարդիկ էին, Արմեն Խաչատրյանի ընտանիքն էր. Ես օրվա երկրորդ կեսին եմ իմացել, որ Արմենի աղջիկներն էլ են կորած: «Սուրմալու»-ի աշխատողներին կանչեցինք, հավանական սցենարը, ասացին՝ սա է՝ իրենք մտել են, հագուստ են ուզել, երեխայի հագով չի եղել, իրենք գնացել են նկուղ, որ պահեստում նայեն: Այդ տրամաբանությամբ մենք մոտեցել ենք, սկսել ենք քանդել մինչև լուսադեմ, հաջորդ օրը մինչև ժամը 12:30-01-ը փորեցին, նոր կարողացան գտնել մարմինները: Եթե «Սուրմալու»-ի աշխատողները չլինեին, մի քանի անգամ բարդանալու էր այդ պրոցեսը: Ես հղի կնոջ և նրա քրոջ դեպքը նկատի ունեմ, և «Սուրմալու»-ի երիտասարդի, որի անունը չեմ հիշում»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը՝ հարազատները բողոքում էին, որ աշխատանքները լավ չեն կազմակերպվում, եթե ի սկզբանե համակարգված լիներ, գուցե հնարավոր լիներ փրկել նրանց, Հարություն Մնացականյանն արձագանքեց.
«Առաջին օրն ամբողջ գիշեր մեծամասամբ այդ հատվածը քանդել են հարազատներն ու կամավորները: Ամեն կատեգորիայի մարդ կար կամավորների մեջ՝ և՛ սրտացավ աշխատող, և՛ մարդիկ կային, որ եկել էին սելֆի անելու, և՛ կային օտարերկրյա քաղաքացիներ, որոնք բացարձակ հայերեն չգիտեին, բայց մի մարդու պես մեզ կպած՝ օգնում էին քարերը տեղափոխել: Երբ սկսեցինք ծխից խեղդվել, այնքան դիմակներ կային, որ պայթյունից շաղ տված էին տարածքում, դրանք ենք վերցրել՝ դրել:
Օրինակ՝ ինձ դիմակով հարմար չէր, օրգանիզմս էլ ամուր է, առանց դիմակի աշխատեցի, բայց երիտասարդներ կան, որոնք թունավորվեցին, փսխումներ եղան: Հետաքրքիրն այն է, որ կամավորները մոտ 30 րոպե–1 ժամ աշխատելուց հետո շատ արագ սկսում էին ինքնակազմակերպվել ու գործն առաջ տանել, ավտոմատ հիերարխիա էր ձևավորվում, սկսում էին լսել նրան, ով խելամիտ բաներ էր ասում, ու ինքնակազմակերպվելով՝ գործը առաջ էին տանում: Կամավորները չլինեին՝ այսքան մարմին այսօր չէր հայտնաբերվելու. ես սա ամենայն պատասխանատվությամբ ասում եմ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում