Ես ՄԵՂԱԴՐՈւՄ ԵՄ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին ծանր հետևանքներ ունեցող ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈւԹՅԱՆ համար. Հակոբ Ճաղարյան

Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնի՝ երեկ տեղի ունեցած պայթյունին ու դրա ողբերգական հետևանքներին, իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տվել հանցագործության մասին:

«Ես հասկանում եմ, որ գրառումս պայթյունի նպատակի, կազմակերպման, հետևանքների հետ կապ չունի: Բայց անկախ այդ ամենից, պայթյունը փաստ է, իսկ նրա հետևանքների հնարավորինս արագ դադարեցումը, և ավելի շատ վնասներից խուսափելը պետության պարտականությունն է»,- իր հրապարակման սկզբում գրել էր Հակոբ Ճաղարյանը՝ հավելելով, որ դրա համար ինքը ժամանակին փորձել է քայլեր ձեռնարկել:

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը գրել է, որ 2019 թ. հունիսին ինքը` այդ պահին ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը, հասկանալով ավիացիայի կիրառման կարևորությունն ու օգտակարությունն արտակարգ իրավիճակներում, փնտրել և գտել է ՀՀ-ի համար լավագույն ուղղաթիռների տարբերակը, և նրանց ձեռքբերման հնարավորությունն արտադրողից՝ ընդամենը $300.000 ամեն մեկի համար:

«Խորհրդակցելով ամբողջ պատերազմը թռած ուղղաթիռների հրամանատարների, Խանփերյանցի անվան ռազմաօդային համալսարանի օդաչուների, ուղղաթիռը սպասարկող ինժեներական անձնակազմի հետ, հավաստագրել ենք, որ ուղղաթիռներն իրենց տեխնիկական տվյալներով, ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ աշխարհագրական պայմաններում ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, վթարափրկարարական, գյուղատնտեսական և ցանկացած այլ աշխատանքների ներկայացվող պահանջներին:

Դրանից հետո ես հանդիպել և խորհրդակցել եմ այն ժամանակ դեռևս ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ, ով նույնպես, հասկանալով առաջարկիս կարևորությունը, անվերապահորեն ընդունել է նման ուղղաթիռների անհրաժեշտությունը վերը նշված ոլորտներում, որից հետո ծրագիրը իմ և պարոն Ցոլակյանի կողմից ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- նշել է նա:

Հակոբ Ճաղարյանի խոսքով՝ արդյունքում ինքը որևէ պատասխան չի ստացել:

«Ֆելիքս Ցոլակյանին ավիացիայի հզոր մասնագետ Փաշինյանի կողմից ՀՊԱՆՑԻԿ ասվել է, որ ուղղաթիռները հին են և ուկրաինական, և նպատակահարմար չէ նրանց ձեռքբերումը:

Ամենայն հավանականությամբ նրա խորհրդատուները երիտօլիգարխ Քովիդի պարետ, համատեղության կարգով կանանց իրավունքների պաշտպան, ինչպես նաև Երևանի նախկին գլխավոր շուն ստերջացնողը և լոուքոստերով Միլան սուրճ խմելու թռիչքների ջատագով օրիորդն են եղել (Տիգրան Ավինյան, Տաթևիկ Ռևազյան-168.am)»,- նկատել էր ավիացիայի հարցերով Փաշինյանի նախկին խորհրդականը:

Նրա խոսքով՝ Ֆելիքս Ցոլակյանն այդ պատասխանը ստացել է այն դեպքում, երբ «ուղղաթիռները ՄԻ-2 տիպի լրիվ նոր (մասնագետների համար), glass cockpit տարբերակով, կոմպոզիտ վինտերով, հզորացված շարժիչներով, Ուկրաինայի կողմից (օդանավեր արտադրող երկրի) սերտիֆիկացված էին որպես ՆՈՐ տիպ` Mi-2AM-1 (սա՝ նույնպես մասնագետների համար)»: Հավելել էր, որ Հավելվածում կգտնենք տվյալները:

«Այս գրառումով չեմ անդրադառնա պայթյունների և նրանց հետևանքների, կազմակերպիչների, ԱԱԾ անգործության, քաղաքական ասպեկտին:

Այս գրառումը միայն փրկարարական աշխատանքների մասնագիտական կազմակերպումը նպատակաուղղված ՏԱՊԱԼԵԼՈւ մասին է:

Քանի՞ կյանք կարող էր փրկվել, և քանի՞ անգամ արագ կդադարեցվեր դեռևս շարունակվող հրղեհը, եթե ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը դեռևս 3 տարի առաջ ընդամենը 1 մլն ԱՄՆ դոլար տրամադրեր փրկարարական աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության հրամայականին»,- գրել էր Հակոբ Ճաղարյանը:

Նա նաև ընդգծել էր, որ յուրաքանչյուր ուղղաթիռի գինը փոխվարչապետի վերելակի վերանորոգման, պատերազմի օրերին կառուցվող ավտոպարկի դարպասի ու անցակետի արժեքին է համապատասխանում, և պետական ապարատին տրվող ամենամսյա պարգևավճարների քառորդից քիչ է:

«Ես ՄԵՂԱԴՐՈւՄ ԵՄ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին ծանր հետևանքներ ունեցող ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈւԹՅԱՆ համար:

Թող դա չլինեին իմ առաջարկած ուղղաթիռներն իրենց` գործող սանիտարական ուղղաթիռին իրենց հնարավորություններով 5 անգամ և 1 ժամվա թռիչքի արժեքով 3 անգամ գերազանցող, ավելի ձեռնտու ուղղաթիռներ: Թող լիներ ավելի թանկ, ավելի կատարյալ, ավելի ժամանակակից տեխնիկա: Բայց լիներ մի բան, որի մասին քեզ զեկուցում են քո ավիացիայի հարցերով խորհրդականն ու քո կառավարության Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարը միասին, համաձայնեցված: Բայց երբ իռլանդական ավիաընկերությանը 5 մլն եվրո անվարձահատույց, իր երկրի շուկա մուտք գործելու համար տրամադրող երկիրն իր ազգային անվտանգության վրա չի ծախսում գոնե 1 մլն ԱՄՆ դոլար, ես ՊՆԴՈւՄ ԵՄ, որ կառավարիչն ու իր խումբը ՀԱՆՑԱԳՈՐԾ ԵՆ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը:

Հակոբ Ճաղարյանը գրել էր նաև, որ «հաջորդ գրառմանը փաստերով կներկայացնի ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈւՅՆ (առանց չափազանցման) հրդեհաշեջ մեքենաների, նրանց գնի, ձեռքբերման հնարավորությունների, արտակարգ իրավիճակների պարագայում անհապաղ գործող համակարգի, և նմանատիպ առաջարկները, որոնք նույնպես արվել են քայլիչ թափառաշրջիկին, և որոնց նույնպես ոչ մի արձագանք չի հետևել նրա կողմից»:

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 16-ին շռնդալից գովազդայի արշավով հայկական ավիաշուկա մտած իռլանդական «Ռյան Էյր» բյուջետային ավիաընկերությունը, որը ՀՀ գալու համար բյուջեից ստացել էր 5 միլիոն եվրո սուբսիդավորում, և որը 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ մի թռիչք չէր կատարել, 2020թ. դեկտեմբերի 7-ին, ընդամենը մի քանի ամիս թռչելուց հետո պաշտոնապես դադարեցրեց թռիչքները Հայաստան՝ իբր COVID-19 համաճարակի պատճառով:

Ի դեպ, որպեսզի «Ռյան Էյրն» աշխատեր, շահագրգիռ լիներ Հայաստան գալու, այդ գործարքի կնքահայրն ու կնքամայրը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյան-Քաղավիացիայի պետական կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյան զույգը լոուքոսթ ընկերության համար հարթ ճանապարհ ապահովելու իրենց ջանքերում չխորշեցին անգամ արդեն տասնամյակներով կայացած ավիաընկերություններին շուկայից դուրս թողնելուց, որովհետև անհավասար մրցակցային պայմանները վերջիններիս հնարավորություն չէին տալիս աշխատել: Մասնավորապես, փաստացի միայն «Ռյան Էյրի» համար հանեցին օդի տուրքը, նրանք նաև օդանավակայաններում կայանման վճար չէին տալիս:

168.am-ը բազմիցս է ահազանգել այն մասին, որ այս քայլերը դասական ավիաընկերությունները հայկական ավիաշուկայից դուրս բերելու վտանգ են պարունակում իրենց մեջ, ինչը և այդպես էլ եղավ:

Տեսանյութեր

Լրահոս