Ադրբեջանական կողմը պնդում է, որ Վարանդայի շրջանում հայտնաբերել է 2700-ամյա կնիք
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Գիտությունների Ազգային ակադեմիան գնահատական է տվել Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերված գտածոյի տարիքին ու արժեքին:
Խոսքը գնում է այնտեղ հայտնաբերված մի կնիքի մասին, որն իր տեսքով նման է մատանու: Այն ցանքի ժամանակ հայտնաբերել են տեղաբնակները և հանձնել են տեղի թանգարանին: Կնիքի նախշերն արվել են դրոշման մեթոդով: Կնիքի տարիքը գնահատվել է 2700 տարի:
Նշվում է, որ բացի գյուղացիներից, հնագիտական գտածոներ գտնում են նաև ականազերծողները, որոնք հայտնաբերած բազմաթիվ պատմական գտածոները հանձնել են տեղի թանգարանին: Ընդհանուր առմամբ, դրանում հավաքվել է մոտ 500 գտածո, որոնցից 100-ի տարիքը կազմում է 3000 տարի և ավելի: