Փնտրվում է ՀՀ իշխանությունը
Արցախի Հանրապետությունում, արդեն երրորդ օրն է, լարված իրավիճակ է՝ թշնամին պարբերաբար առաջխաղացման փորձեր է անում։ Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով նախ 7 վիրավորի, ապա ևս 8 վիրավորի և 1 զոհի մասին։ Արցախի Հանրապետության պաշտոնյաներն իրենց հարցազրույցներում, գրառումներում նշում են, որ լարվածություն է նկատվում Արցախի Հանրապետության տարբեր ուղությունենրում։
Իսկ այս ընթացքում ՀՀ կառավարությունը, Անվտանգության խորհուրդը, ՔՊ ամբողջ թիմը լուռ են, մինչև այս պահը որևէ գերատեսչություն հայտարարությամբ հանդես չի եկել։
Նիկոլ Փաշինյանը՝ «պատերազմի Աստվածը», գերագույն գլխավոր հրամանատարը, իր իսկ խոստովանությամբ՝ «թիվ մեկ պատասխանատուն, բայց ոչ թիվ մեկ մեղավորը», հուլիսի 25-ից վայելում է արձակուրդը։
Նրա՝ արձակուրդից վերադարձի օրը նշված չէ, ուստի անհայտ է, թե նա այս պահին արձակուրդո՞ւմ է, թե՞ աշխատանքի։ Թեև երեկ հաղորդագրություն տարածվեց, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
168.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ, ճշտելու՝ Փաշինյանն աշխատանքի՞ է, թե՞ արձակուրդում, սակայն վերջինիս բջջային հեռախոսից հնչում էր «բաժանորդն անհասանելի է» ավտոմատ ձայնագրությունը, իսկ քաղաքային հեռախոսահամարին պատասխանող ընդհանրապես չեղավ։
168.am-ը զանգահարեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, օգնականներին, սակայն մեր զանգերը կրկին մնացին անպատասխան։
Փորձեցինք կապ հաստատել Անվտանգության խորհրդի լրատվական ծառայություն, այստեղ ևս որևէ մեկը զանգերին չպատասխանեց։
Մեր զանգերին չպատասխանեց նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որը Փաշինյանի արձակուրդում գտվելու ժամանակ կատարում է վարչապետի պարտականությունները։
Հարց է ծագում՝ ո՞ւր է կորել ՀՀ իշխանությունը, որտե՞ղ և ինչի՞ց է թաքնվում։ Փնտրվում է ՀՀ իշխանությունը: