Լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել. Արցախի Անվտանգության խորհրդի նիստում

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ:

Քննարկվել է շփման գծում նախօրեին ստեղծված իրավիճակը: Զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Նախարարի խոսքով՝ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել, և Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին՝ առանց մարդկային ու դիրքային կորուստների:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքին: Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերն, այդ թվում՝ նաև ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը:

Տեսանյութեր

Լրահոս