Բաժիններ՝

Գնաճը հունիսին շարունակել է ավելանալ և կազմել է 10.3%, դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի ավելացումը. ԿԲ

Հայաստանում հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և կազմել է 10.3 տոկոս, սակայն ՀՀ դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի ավելացումը:  Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն:

Երիցյանը հիշեցրեց, որ 2022թ. օգոստոսի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%:

«2022թ. հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և կազմել է 10.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 9.4% »,-ասաց Երիցյանը:

Երկրորդ եռամսյակի ընթացքում պահպանվել են համաշխարհային արժեշղթաների խաթարումները: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դիտարկվում է տնտեսական ակտիվության դանդաղում: Միջազգային ապրանքահումքային շուկայում նկատվում է գնաճային ճնշումների որոշակի թուլացում, սակայն գները շարունակում են մնալ պատմականորեն բարձր մակարդակում:

«Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները: Սա կնպաստի համաշխարհային գնաճային միջավայրի աստիճանական զսպմանը: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը որոշակիորեն կթուլանա, սակայն առաջիկայում դեռևս կպահպանվի»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:

Նա ընդգծեց, որ 2022թ-ի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում դիտվել է սպասվածից բարձր ակտիվություն: Այն դրսևորվել է հատկապես ծառայությունների ճյուղում: Դրական զարգացումներ են արձանագրվել նաև արդյունաբերության և արտահանման ոլորտում: Տնտեսական բարձր աճի ձևավորման գործում գերակշռում են պահանջարկի գործոնները: Վերջինս շարունակում է մեծամասամբ պայմանավորվել միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների զգալի ներհոսքով: Բարձր պահանջարկը հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնման և բարձր գնաճային սպասումների պահպանման: ՀՀ դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի ավելացումը:

Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտել բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: ԿԲ-ից վստահեցնում են, որ խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ:

ԿԲ գնահատմամբ՝ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի ներքո 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված անորոշությունը պահպանվում է։ Միաժամանակ, նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը, ըստ ԿԲ-ի, հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս