Շահույթ հետապնդող կազմակերպության կուտակած 52 միլիոն դրամ պարտքը փակեց Կառավարությունը
Կառավարությունը հուլիսի 28-ի նիստում օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցով 52 միլիոն դրամ հատկացրեց «Հայավտոկայան» փակ բաժնետիրական ընկերությանը:
Կառավարությունը որոշեց շահույթ հետապնդող կազմակերպության կուտակած 52 միլիոն դրամ պարտքը փակել հարկատուների հաշվին: Ինչպես հաճախ է լինում, այս դեպքում ևս, Ֆինանսների նախարարությունը համարել էր աննպատակահարմար։
Կուտակած պարտքերը փակելու համար շահույթ հետապնդող կազմակերպությանը պետական բյուջեից հսկայական գումար է տրամադրվում այն դեպքում, երբ ընկերությունը Կառավարությանն անգամ չի ներկայացրել, թե ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել իր գործունեության արդյունքում կրած վնասը նվազեցնելու կամ վերացնելու ուղղությամբ, և արդյո՞ք կարող է ինքնուրույն կիրառել որոշակի այլընտրանքային մեխանիզմներ:
Հավելենք, որ «Հայավտոկայան»-ի կուտակած պարտքը ՀՀ Կառավարությունը փակեց՝ կրճատելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին տրամադրված գումարից՝ նպատակ ունենալով նաև պարտքը փակելուց հետո «Հայավտոկայանը» հանձնել հավատարմագրային կառավարման։
Հիշեցնենք, որ 2022թ. մարտի 22-ին Ազգային ժողովում ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» տարեկան հաշվետվությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել էր, որ «Հայավտոկայան» ՓԲԸ-ն դուրս է եկել մասնավորեցման ցանկից: