ՔԿ-ում ձևավորվել է նոր ստորաբաժանում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանի համապատասխան հրամանով կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ հիշյալ նոր ստորաբաժանման ձևավորումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ խոշտանգումների, ինչպես նաև ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեին վերապահված լինելու հանգամանքով:
Ներկա պահին ՀՀ քննչական կոմիտեում իրականացվում են նորակազմ վարչության համալրման և վերջինիս գործունեությունը պատշաճ կերպով կազմակերպելուն ուղղված աշխատանքներ:
Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների դեպքերով՝ տարբեր ստորաբաժանումներում գտնվող քրեական վարույթները ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ սահմանված ժամկետում կենտրոնացվելու են նոր ստեղծված վարչությունում:
Մեկնարկային գործընթացներին զուգահեռ ՀՀ քննչական կոմիտեում ձեռնարկվում են նաև անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում կապահովվի նոր կազմավորված ստորաբաժանման բարձր մասնագիտական պատրաստվածությունը և համակողմանի նախաքննության իրականացումը: