Տեսչական մարմինը տեխնիկական անվտանգության պահանջները չկատարելու պատճառով տուգանել է տնտեսվարողներին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարեկան գործունեության ծրագրով հաստատված տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում 2-րդ եռամսյակում պլանավորված ստուգումների շրջանակներում Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից Ա/Ձ Ա․ Սիրականյանին, Ա/Ձ Հ․ Սուվարյանին և Ա/Ձ Գ․ Պետրոսյանին պատկանող բենզալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջիններիս բենզալցակայանները գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում և չունեն տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացություններ։
Այսինքն՝ խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի և 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ԱՎՕ շահագործողը խախտել է նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին պահանջները։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից երեք տնտեսավարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով: