Հայաստանում հոկտեմբերի 13-22-ը էլեկտրոնային տարբերակով մարդահամար կանցկացվի

Հայաստանի անկախության պատմության մեջ կանցկացվի երրորդ մարդահամարը, հարցաթերթիկներն առաջին անգամ կլինեն էլեկտրոնային տարբերակով, այն կտևի 10 օր, կհավաքագրվեն տվյալներ նաև մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների վերաբերյալ, արդյունքները պատրաստ կլինեն 1 տարուց: «Արմենպրես»-ը նախատեսվող մարդահամարի, նախորդներից տարբերության մասին զրուցել է ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գևորգյանի հետ:

«Մարդահամարը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մարդահամարը 2 անգամ հետաձգվեց. պետք է անցկացվեր 2020-ին, հետաձգվեց՝ 2021-ին, և վերջնական որոշվեց անցկացնել 2022 թվականին»,-ասաց Գևորգյանը:

Ըստ օրենքի՝ մարդահամար անցկացվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ, սրանից առաջ Հայաստանում անցկացվել են 2001 և 2011 թվականներին:

Այս տարի առաջին անգամ մարդահամարի համար օգտագործվելու է համակցված մեթոդը: Հիմնական կարևոր չոր թվերը ստացվելու են վարչական ռեգիստրից՝ ազգություն, քաղաքացիություն, տարիք, սեռ թեև՝ այդ հարցերը հետո ուղղվելու են նաև հարցվողներին:

«Օգտվելու ենք վարչական ռեգիստրից և կատարելու ենք ընտրանքային հարցում՝ 25 տոկոսի չափով: Համակարգն ավտոմատ կերպով կատարում է ընտրություն»,-ասաց նա:

Այսինքն՝ հաշվարարն այցելելու է յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր 4-րդ տնային տնտեսություն, պլանշետի միջոցով լրացնելու է էլեկտրոնային հարցաթերթ: Առաջին անգամ է, որ այն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Հարցերն ուղղված են լինելու տվյալ պահին տվյալ հասցեում բնակվող չափահաս անձին:

Հարցաթերթիկում լինելու են նախ անհատական հարցեր՝ անուն-ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, սեռ, անձի գրանցման վերաբերյալ տեղեկատվություն և այլն: Քաղաքացիներից կհարցնեն նաև քաղաքացիության երկիրը, քաղաքացիության երկրորդ երկիրը, գոյության միջոցի հիմնական աղբյուրները: Նաև հետաքրքրվելու են, թե հարցման պահին մշտապես որտեղ են գտնվում տան անդամները, այսինքն՝ մշտապես ներկա, ժամանակավոր ներկա կամ բացակա: Կան հարցեր նաև կրթության, առողջության վերաբերյալ, աշխատանքի, բնակպայմանների, ամուսնական կարգավիճակի, զբաղմունքի և այլնի վերաբերյալ:

Ըստ Գևորգյանի՝ հարցերը նախորդ մարդահամարների համեմատությամբ շատ չեն փոխվել, ավելացել են որոշակի հարցեր. օրինակ՝ առողջության վիճակի և այլնի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ ներառված է լինելու 39 հիմնական հարց և տնային տնտեսության բնակպայմանների վերաբերյալ ևս 5 հարց:

«Օրենքը սահմանում է, որ հարցերին պետք է պարտադիր պատասխանեն: Բայց կան որոշակի հարցեր, որոնց պատասխանից մարդիկ կարող են հրաժարվել, այդ հարցերն ազգության, լեզվի, կրոնի վերաբերյալ են: Անհատական տվյալները գաղտնիք են, մենք չենք հրապարակում: ԴԱ օրենքով է սահմանված: Մենք հրապարակում ենք միայն հավաք տվյալները: Այսինքն՝ մարդիկ պատասխանելիս կարող են որևէ կասկած չունենալ: Իրենց ճիշտ պատասխաններից են կախված մեր արդյունքները»,-վստահեցրեց Գևորգյանը:

Եթե Հայաստանում անցկացված նախորդ մարդահամարների արդյունքում տվյալները մուտքագրվել են համակարգ, որի համար հատուկ մուտքագրողների են վարձել, ապա հիմա, երբ հարցաթերթիկներն էլեկտրոնային են, դա արվում է միանգամից էլեկտրոնային ձևով, այսինքն՝ լրացված հարցաթերթն ավտոմատ կերպով ուղարկվում է սերվեր:

«Ավարտից հետո բավականին աշխատանք է տարվելու: Արդյունքներն ամփոփ թվով կարող են պատրաստ լինել մյուս տարվա առաջին եռամսյակում, իսկ ընդհանուր հրապարակումը կլինի հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում»,-ասաց վարչության պետը:

Այսպիսով՝ կհրապարակվեն տվյալներ մշտական բնակչություն, առկա բնակչության, ժամանակավոր բացակայության, բնակչության սեռի, տարիքի, կրթության, սոցիալական, առողջական վիճակի և այլնի վերաբերյալ՝ ընդհանրացված կերպով, չի հրապարակվելու անհատական ոչինչ:

Մաքսիմալ ճշգրիտ տվյալներ ստանալու համար Գևորգյանը կարևորեց, որ քաղաքացիները ճիշտ, հստակ պատասխաններ տան: Նա հորդորեց բնակիչներին պատասխանել հարցերին, հաշվարարներին տուն թողնել: Իսկ, եթե կլինեն մարդիկ, որոնք չեն ցանկանա, որ հաշվարարը մտնի տուն, ապա հաշվարարը կարող է թողնել ծանուցում, և տնային տնտեսությունից մեկը գնա տվյալ բնակավայրում առանձնացված վայր և պատասխանի հաշվարարի հարցերին:

Աշխատանքներին ներգրավված են լինելու մոտ 2200 հաշվարար, յուրաքանչյուր 5-6 հաշվարարի համար՝ 1 հրահանգիչ-հսկիչ և 27 համակարգող: Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում, ծրագիրը պատրաստ է, սերվերի փորձարկումներ են կատարվում:

Տեսանյութեր

Լրահոս