Բաժիններ՝

Շիրակի մարզում 268 թափուր պաշտոնի մրցույթ է հայտարարված

Շիրակի մարզի 4 համայնքներում անցկացվելու են համայնքային ծառայության 268 թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված մրցույթներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս պահին 93 թափուր պաշտոն կա Արթիկի համայնքապետարանում, 75-ը՝ Ախուրյանում, 55-ը՝ Աշոցքում և 45-ը՝ Ամասիայում:

Շիրակի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, ներկայացնելով մեծ թվով թափուր պաշտոնների փաստը, պարզաբանեց, որ դրանք նոր ձևավորված համայնքներում են: «Համայնքների միավորումից հետո, բոլոր նոր ձևավորված համայնքային ծառայության պաշտոնները թափուր են: Այս պահին այդ պաշտոնները զբաղեցրած են ժամկետային պայմանագրով: Օրենքով նախատեսված է, որ վեցամսյա ժամկետում պետք է համալրվեն այդ պաշտոնները: Այսպիսով, օգոստոս ամիսը, այս չորս համայնքներում, մրցութային է»,-նշեց Արամ Անտոնյանը՝ հստակեցնելով, որ նոր ձևավորված համայնքապետարաններում թափուր են համայնքային ծառայության բոլոր պաշտոնները՝ աշխատակազմի քարտուղարից մինչև երկրորդ կարգի մասնագետ։

Այժմ ընթացքի մեջ են անձնական գործերի ընդունման աշխատանքները։ Առաջին մրցույթը կանցկացվի վաղը՝ Ամասիա համայնքում: Որոշակի մրցակցություն սպասվում է Արթիկ ու Ախուրյան համայնքներում: «Որոշ պաշտոնների համար պասիվություն կա: Պետք է աշխատենք, որ շատ քաղաքացիների տեղեկացնենք, որ իմանան մրցույթների մասին ու դիմեն: Շահագրգիռ ենք, որ համայնքներում մրցույթները մրցակցային լինեն ու ընտրվեն լավագույն կադրերը»,-նշեց Արամ Անտոնյանը:

Այս համայնքներում մրցույթների ավարտից հետո որոշ պաշտոնների համար մրցույթներ կանցկացվեն Գյումրիում:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս