«Կարո՞ղ է՝ անցած տարվա Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գործարքի համը ընկել ա բերանները»․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ տարի առաջ կառավարությունը հայտարարեց, որ առաջիկայում Հայաստանում գործելու է բենզալցկայանների նոր ցանց: Այնուհետև պարզ դարձավ, որ խոսքը «Ռոսնֆետին» (49%) և Դավիթ Յակոբաշվիլիին (51%) պատկանող Petrocas ընկերության մասին է, որն առանց այդ էլ շատ կարևոր դեր է խաղում հայաստանյան նավթամթերքի շուկայում՝ որպես Փոթիում նավթային տերմինալների սեփականատեր:

Խոսքը սկզբնական փուլում 22, այնուհետև՝ 50 լցակայանների մասին է (որոնք, ըստ էկոնոմիկայի նախարարի, աշխատելու են ինքնասպասարկման սկզբունքով ու որտեղ վարորդներն անգամ կարող են կոֆե և շոկոլադ գնել, արդյունքում սեփականատիրոջ եկամուտը կավելանա, ու բենզինի գները կիջնեն: Ու հեչ կարևոր չի, որ բենզինի վերջնական գնի 80%-ը գոյանում է տրանսպորտային, մաքսային ու հարկային ծախսերից):

Իսկ արդեն ս.թ. մայիսին էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ արդեն աշնանը Հայաստան է մուտք գործելու բրիտանա-նիդերլանդական Shell ընկերությունը՝ ստեղծելով բենզալցակայանների նոր ցանց:

Սակայն երկու դեպքերում էլ սայլը նույն տեղում է: Շուտով աշուն է, ու ակնհայտ է, որ գոնե Shell-ի հետ պետք է պայմանագիր կնքված լիներ, սակայն չկա անգամ հուշագիր մտադրությունների մասին:

Հ.Գ. Կարո՞ղ է՝ անցած տարվա Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գործարքի համը ընկել ա բերանները, երբ մեկ օրվա ընթացքում «Գեոպրոմայնինգը» գնեց կոմբինատի 60%-ը ու մի քանի ժամ անց դրա 25%-ը փոխանցեց կառավարությանը: Թայմ մենեջմենթ եմ ասել»:

Տեսանյութեր

Լրահոս