Հայաստանը ցանկանում է անօդաչուներ գնել Հնդկաստանից. DNA

Հնդկական մամուլը ուշագրավ տեղեկություններ է հրապարակել հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ ընթացիկ բանակցությունների վերաբերյալ: Հնդկական DNA առցանց պարբերականը գրել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանից անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ գնելու վերաբերյալ: Ըստ հնդկական լրատվամիջոցի՝ հունիսին այդ նպատակով Պաշտպանության նախարարությունը ներկայացնող պատվիրակություն է մեկնել Հնդկաստան և հանդիպել հնդիկ գործընկերների հետ:

«Ադրբեջանի հետ պատերազմի ետնախորքին Հայաստանը դիմում է Հնդկաստանին ռազմական տեխնիկայի համար» խորագրով հոդվածում հնդկական թերթը վկայակոչել է անանուն հնդիկ պաշտոնյայի հաղորդած տեղեկությունները՝ նշելով, որ հայկական պատվիրակությունը Հնդկաստան էր զենքի գնումների ցուցակով, որում եղել են նաև հնդկական դրոններ:

«Թեև քիչ բան է հայտնի ցուցակի բովանդակության մասին՝ հաստատվել է, որ անօդաչուները կարևոր տեղ են զբաղեցրել ցուցակում: Բայց ցուցակում եղել են ոչ միայն անօդաչուները՝ ինչպես հաստատեց պաշտոնյան՝ չխորանալով մանրամասների մեջ: Սա առաջին անգամը չէ, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի հանդեպ: 2020 թ. Հայաստանը 40 մլն դոլարի գործարք էր կնքել Հնդկաստանի հետ հնդկական SWATHI ռադարներ գնելու վերաբերյալ», – գրել է թերթը:

Ապրիլի 13-ին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը շեշտադրել էին Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Ավելի ուշ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում դեսպան Դեվալը հաստատել էր, որ հայկական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում զարգացնելու պաշտպանական կապերը Հնդկաստանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս