«Համոզված չեմ, որ կոնկրետ Արմեն Գրիգորյանի մասով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կայացրել է օրինական դատական ակտ». Ալեքսանդր Ազարյան
Tert.am-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Հավանաբար, նման որոշում կայացնելու պատճառը, ըստ կայքի, վերջին շրջանի իրադարձությունների ժամանակ Դատավորների միության լռությունն է և դատավոր Ալեքսանյանին չսատարելը։
Դատավորների միության մամլո խոսնակ Էլեն Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց՝ Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությանն իր անդամակցությունը դադարեցնելու դիմումը ներկայացրել է 12:52-ին, սակայն պատճառների մասին ոչինչ չի նշել:
Հիշեցնենք, որ քաղաքական հետապնդումների ենթարկված Արմեն Գրիգորյանի վերաբերյալ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը կայացրել էր Արուսյակ Ալեքսանյանը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում այն անփոփոխ էր թողել դատավոր Լուսինե Հովհաննիսյանը:
Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն էլ մեզ հետ զրույցում նախ հիշեցրեց Արուսյակ Ալեքսանյանի աղմկահարույց արտահայտությունը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանում ողբերգական մահվանից հետո՝ «միակ բանը, որ ես ցավում եմ, որ մարդ է մահացել։ Այլ առիթով ես անհանգստանալու կարիք չեմ տեսնում»։
«Ինձ Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ միայն դա է հայտնի: Եվ եթե Արուսյակը մտածում է՝ ես պետք է հետևեմ նրան ուղղված յուրաքանչյուր քոմենթի, չարաչար սխալվում է: Դատավորների միությունը չի պատրաստվում հետևել Արուսյակին. շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:
Կայքը նաև գրել էր. «Ցավալի դեպքի գրանցումից հետո դատավորի նկատմամբ տարբեր հարթակներում սկիզբ առան քննադատություններ, սակայն Դատավորների միության կողմից այդպես էլ որևէ արձագանք չեղավ, և հայտնի չէ նրանց դիրքորոշումը։ Ինչո՞վ է սա հատկանշական, որովհետև նախկինում` որոշ դատավորների դեպքում, նշված կառույցը պարբերաբար հանդես է եկել սատարող հայտարարություններով»:
Դատավորների միության նախագահի համար անհասկանալի էր նաև վերոնշյալ պնդումը.
«Հետաքրքիր է՝ ո՞ւմ է Միությունը սատարել՝ ի՞նձ, Բալայան Դավիթին… Կամ իմ օրոք ո՞ւմ է սատարել: Եթե Բորիս Բախշիյանին նկատի ունեն, ծիծաղելի է… Ես հիմա չեմ ուզում այդ հարցի վերաբերյալ ծավալվել, թե չէ շատ բան կա ասելու: Արուսյակ Ալեքսանյանին թող քաջ հայտնի լինի, որ Դատավորների միությունը երբևիցե չի արձագանքել նման դեպքերում: Երբ Արուսյակ Ալեքսանյանի նախկին ղեկավարը (Սասուն Խաչատրյան,- Գ.Ս.) իր ղեկավարի (Նիկոլ Փաշինյան,- Գ.Ս.) դրդմամբ, թե աջակցությամբ՝ իմ նկատմամբ արշավ էր ծավալել, ինքն էլ այդ հիմնարկի քննիչ է եղել, ինչ-որ դե՞պք է հիշում, որ Դատավորների միությունը կամ որևէ այլ կառույց սատարեին ինձ…»,- նշեց Ալեքսանդր Ազարյանը:
Դատավորների միության նախագահը տարակուսում է՝ եթե դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր աչքի առաջ այդ փորձը չունի, ինչո՞ւ է սպասում Դատավորների միության սատարման:
«Ես համոզված չեմ, որ կոնկրետ Արմեն Գրիգորյանի մասով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կայացրել է օրինական դատական ակտ: Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք այդ ակտն օրինական է եղել, թե՞ ոչ: Ամեն դեպքում Արուսյակ Ալեքսանյանի՝ Դատավորների միությունից դուրս գալու առիթով Միությունը եռօրյա սուգ հաստատ չի հայտարարել»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:
Վերջինս հիշեցրեց, որ այս գործով միայն Արուսյակ Ալեքսանյանի դերակատարումը չէ եղել որոշիչ: Նաև Վերաքննիչ դատարանը չի բեկանել նրա որոշումը:
«Հիմա, թե ինչո՞ւ են միայն իր անունը հոլովում, թող ինքն իրեն այդ հարցը տա»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը: