Նիկոլ Փաշինյանի գաղտնի զենքը

Այս տարի Հայաստանի բուհական համակարգում թափուր է մնացել շուրջ 16 հազար տեղ, որից ավելի քան 500-ը՝ անվճար ուսուցման համակարգում։ Սա, մեղմ ասած, աղետալի ցուցանիշ է, որը վկայում է մեր հանրության ու պետության համաժամանակյա մի քանի արատների մասին։

Նախ, սա կրթական համակարգի դեգրադացիայի ցուցիչ է․ մեր դպրոցների պատրաստած շրջանավարտների սարսափելի մեծ մասը չի կարողանում հաղթահարել քննական անցողիկ շեմը, իսկ թափուր անվճար տեղերը ցույց են տալիս կրթական մակարդակի ավելի գլոբալ անկումը։

Բուհական համակարգի 16 հազար թափուր տեղերը վկայում են, որ կրթությունը, բարձրագույն կրթությունը Հայաստանում տարեցտարի դառնում է ոչ գրավիչ։ Երիտասարդությունը կրթությունը չի համարում ինքնադրսևորման, ինքնահաստատման ու բարեկեցության ապահովման ճանապարհ։ Նաև այն պատճառով, որ տեսնում ու լսում է, թե ինչպես է անկրթության հաղթարշավը Հայաստանում նորանոր բարձունքներ նվաճում։

Հայաստանը ղեկավարում է թերի բարձրագույն կրթություն ունեցող մեկը, ով, չնայած ճարտար չեզվին, միշտ չէ, որ կարողանում է թաքցնել սեփական անկրթությունն ու անգրագիտությունը։ Պետական կառավարման համակարգը լցված է կիսագրագետ, թերի կրթություն ունեցող անհաշվելի կադրերով, որոնք քաղաքական կարիերա են անում և պաշտոն ստանում Նիկոլ Փաշինյանի հետ 2018-ին «քայլած» օրերի քանակով ու բարեկեցության են հասնում ամեն ինչի, բայց ոչ կրթության շնորհիվ։

Իհարկե, գործող իշխանության մեջ կան նաև օտարերկրյա տարբեր բուհերում սովորած պաշտոնյաներ, բայց դա լրիվ ուրիշ ու չափազանց վտանգավոր պատմություն է, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ նմանօրինակ շատերի կրթությունն անցել է ոչ միայն օտարերկրյա բուհերում, այլ նաև զանազան ծառայություններում։ Այս վերջին խմբին են պատկանում նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում շոշափելի դերակատարում ստացած, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները», որոնց առնվազն մի հատվածն ամենատարբեր թելերով կապված է օտարերկեյա ծառայությունների, լավագույն դեպքում՝ ազդեցության կենտրոնների հետ։

Ահա այս պայմաններում ապրող երկրի դպրոցի շրջանավարտը տեսնում է, թե ինչ որակներ են անհրաժեշտ հաջողության հասնելու համար։ Այդ որակների շարքում կրթությունը, գիտելիքը կամ տեղ չունեն, կամ ամենավերջին հորիզոնականներում են։ Թերուսների կամ կրթված միջակությունների միջավայրում երիտասարդը, որպես ապագայի կողմնորոշիչ՝ ընտրում է հենց այն ճանապարհը, որը հաջողություն է բերել ուրիշներին։

Երիտասարդի համար հաջողության ու  բարեկեցության նշաձողեր են դառնում ճղճիմ խորամանկությունը, շանտաժի նուրբ արվեստը, բանսարկությունը։ Իսկ երբ նույն երիտասարդը տեսնում է, որ այսպիսի հասարակությունը շաբաթներ շարունակ քննարկում է թերուս մեկի արձանամոլությունը, նրա «հաջողության պատմությունների» նշաձողը սկսում է տատանվել Հանրապետության հրապարակից-Կոտայքի մարզ ընկած դիապազոնում, որտեղ կրթությունը որևէ արժեք չունի։

Նիկոլ Փաշինյանի իշխանության խորքային հիմքը մեր հասարակության անկրթությունն է։ Իրականում տգիտությունն ու տգիտության տարածումը նրա գաղտնի զենքն է, որովհետև որպես կրթությունից կաղացող մեկը, նա լավ է հասկանում, որ կրթված հասարակությունը չի կարող հանդուրժել իր նմանի իշխանությունը։ Հետևաբար, որքան էլ Նիկոլ Փաշինյանը ճոռոմ ելույթներ ունենա կրթության կարևորության մասին, իրականում նա մարտնչող տգիտության ու դրա տարածման ամենամեծ շահառուն է։ Արձաններ շինող օլիգարխների բարոյական և ոչ միայն բարոյական աջակցությամբ։ Ու Սպիտակցի Հայկոների կլկլոցների ներքո։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս